ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷԼ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է
ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածով՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող ցանկացած հարց լուծվում է բացառապես հանրաքվեի միջոցով։ Դա նշանակում է, որ եթե ՀՀ 29 հազար 743 քառ. կմ տարածքից անգամ մեկ հեկտար օտարվում է որևէ այլ պետության, այդ հարցով պետք է հանրաքվե կազմակերպվի։ Ընդ որում, քանի որ Հայաստանը հարևան պետությունների հետ սահմանազատման պայմանագրեր չունի, պետական սահմանագիծ է համարվում փաստացի սահմանը՝ կահավորված կա՛մ սահմանապահ ուղեկալներով ու ինժեներական արգելափակոցներով, ինչպես Վրաստանի, Իրանի և Թուրքիայի դեպքում է, կա՛մ էլ խրամատավորված մարտական հերթապահության իրականացմամբ, ինչպիսին հայ-ադրբեջանական առաջնագիծն է։
Հայաստանի պետական սահմանագծի ապօրինի փոփոխումը, ասել է թե՝ սահմանադրական կարգի տապալումը, սկսվեց դեռևս 2020-ի նոյեմբերին՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ օգտվելով Հայաստանում կառավարման քաոսից՝ Ադրբեջանն սկսեց կասկածելի սահմանազատումներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որոնց հետ անմիջական սահման էր ձեռք բերել։ Քարվաճառի հանձնումով թշնամու վերահսկողության տակ հայտնվեցին նաև Ալ լճերը, Սոթքի հանքի մեծագույն մասը և հարակից բարձունքները, Սյունիքում՝ Սոսիների պուրակը, Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի շարք բլրակներ։
Ձմռան ամիսներն օգտագործելով ամրապնդվելու և դիրքային աշխատանքների համար՝ Ադրբեջանն արդեն ուշ գարնանը՝ մայիսի 12-ին, այդ երկու մարզերի ուղղությամբ մխրճվեց թիկունք՝ զինական ուժ և տեխնիկա կենտրոնացնելով սահմանապահ դարձած բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Ապա հաջորդեցին նաև օդային սահմանի շարունակական խախտումները, հետախուզական ԱԹՍ-ների թռիչքները, կանոնավոր և անկանոն կրակահերթերը, անասնագողությունները և այլն։
Մի քանի հարյուր կիլոմետրով երկարած հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ են նաև Վայոց ձորի, Արարատի և Տավուշի մարզերի տասնյակ գյուղերի և մի քանի քաղաքների բնակիչներ։ Ճիշտ է, Արարատում և Տավուշում արդեն իսկ կահավորված առաջնագիծ կա, սակայն ադրբեջանական անկլավների՝ այս իշխանության բացած խոսույթի ծիրում մեր դիրքերը և՛ Երասխում, և՛ Բերդի ու Նոյեմբերյանի տարածաշրջաններում պարբերաբար գնդակոծվում են, նույնիսկ զոհեր ունենք։
Տավուշի Ոսկեպար գյուղում ռուսական սահմանապահ ուղեկալ է սկսել գործել, ռուսական զորակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են նաև Կութի, Վերին Շորժայի և Գեղարքունիքի այլ սահմանապահ համայնքների դիրքեր։ Իրողությունն այն է, որ մի քանի մարզերի սահմանամերձ համայնքների տասնյակ հազարավոր բնակիչներ սպասման ռեժիմում են, չգիտեն, թե իրենց բնակավայրերի կամ հողատարածքների հետ ինչ կարող է լինել։
Իհարկե, քաղաքական այս մեծամասնությունը փորձ ունի նախ հակասահմանադրական հանրաքվե նշանակելու, ապա այն չեղարկելու, և սեփական ուժերով՝ բացառապես խորհրդարանական ձայներով, փոփոխելու սահմանադրության անցումային դրույթները։ Ոչինչ չի խանգարում ՔՊ-ական մեծ սահմանադրագետներին ինքնուրույն փոխելու նաև Մայր օրենքի այն հոդվածը, ըստ որի՝ ՀՀ տարածքը կարող է փոփոխվել միայն հանրաքվեով։ Եթե դա չանեն էլ, պողպատե մանդատը հո կա՞, կարելի է, չէ՞, որոշ գյուղերի հանձնումը որակել որպես ժողովրդի մեծամասնության կամարտահայտություն կամ ցանկացած այլ մանիպուլյատիվ մեկնաբանություն տալ այս խնդրին։
Բայց իրողությունը դրանից չի փոխվի, այն է՝ այսօր ՀՀ պետական սահմանագծի հարավ-արևելյան հատվածը՝ Գեղամասարից մինչև Նռնաձոր, և ոչ թե Սոթքից Խոզնավար, ինչպես ներկայացվում է, թերպաշտպանված է և կամ գրեթե անպաշտպան։
Հայաստանի կողմից դիմադրության բացարձակ բացակայության պարագայում նույնիսկ նոր պատերազմի կարիք չկա, քանի որ խոցոտելով Հայաստանի մարզերից հինգը, մշտապես հոգեբանական տեռորի, գերեվարման վտանգի մեջ պահելով սահմանապահ համայնքների բնակիչներին՝ թշնամին առանց լուրջ ջանքեր գործադրելու նախ հայաթափում է դրանք, զուգահեռաբար՝ տարածքային պահանջներ ներկայացնում արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոսելով Զանգեզուրի, Սևանի և Երևանի նկատմամբ իր հավակնություններից։