Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ․ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԸ՞, ԹԵ՞…

Փաստ է, որ այսօր արցախահայության ֆիզիկական անվտանգության, Հայաստանի Հանրապետության և իր բնակչության ֆիզիկական գոյության միակ երաշխավորը Ռուսաստանն է։ Որքան էլ ՀՀ զինված ուժերը պատրաստ լինեն պաշտպանել մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, փաստ է, որ թուրքադրբեջանական զինված ուժերին, Թուրքիայի և իր արևմտյան վերադասների կողմից ֆինանսավորվող ահաբեկչական խմբավորումներին առանց Ռուսաստանի հնարավոր չի դիմակայել։

Այս պարզ իրողությունները դժվար է չհասկանալ, բայց արի ու տես, որ որոշ անհասկացողներ Հայաստանում այնուամենայնիվ։ Այդ «չհասկանալը» շատ պատճառներ կարող է ունենալ՝ անձնական բնույթի բարդույթներից, ֆինանսական շահերից սկսած մինչև թշնամական պետությունների ազդեցության կամ ուղղակի գործակալ լինելը։

Այսպիսով կարելի է վստահաբար ասել, որ հակառուսական ցանկացած դրսևորում, էլ չեմ ասում բացահայտ քարոզչություն, անկախ նրանից թե որ շրջանակներից է այն իրականացվում, Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք է հանդիսանում։ Սակայն երբ դա արվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ լրատվամիջոցի միջոցով, ապա դա լուրջ հարցերի տեղիք է տալիս։

Հուլիս ամսից սկսած Ալեն Սիմոնյանի կնոջ Freenews լրատվամիջոցի (այդ մասին կան հրապարակումներ լրատվամիջոցներում) տաղավարում հաճախակի հյուրընկալվել են Հայաստանի ամենակարկառուն հակառուս քարոզիչները, որոնց մի մասը հայտնի են արևմտյան այնպիսի հիմնադրամներից ֆինանսավորում ստանալով, որոնց գործունեությունը Ռուսաստանում արգելված է ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու հիմնավորմամբ։

Ինչո՞վ կարելի է բացատրել Ալեն Սիմոնյանի կնոջ լրատվամիջոցի հակառուսական բնույթի գործունեությունը։ Արդյո՞ք դա Ալեն Սիմոնյանի երկակի խաղն է, թե՞…:

Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանի խելքն ու տրամաբանությունն այդքան կբավականացնեն հակառուսականության կարմիր գծերը չանցնելու համար։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ