Հայտնի է, թե ովքեր կառաջադրվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Էդուարդ Աղաջանյանի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Գևորգ Պապոյանի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Սիսակ Գաբրիելյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Արմեն Եղոյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Հերիքնազ Տիգրանյանի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում` Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները։

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությւնն առաջադրում է նախկին փոխվարչապետ, խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցությունը որոշել է զիջել ընդդիմադիր գործընկերներին` «Պատիվ ունեմ» խմբակցությանը, և այդ պաշտոնում առաջադրում է «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին, տեղեկացնում է Sputnik Armenia։