ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ՞

Նախապատերազմյան Հայաստանի խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերից մեկը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումն էր։ 1990-ականներին կառուցված Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի հետ մեկտեղ՝ այն ապահովում էր Արցախի հետ Մայր Հայաստանի անխոչընդոտ կապը, ակտիվացրել էր նաև Գեղարքունիքի մարզի և Քարվաճառի շրջանի տնտեսական կյանքը։ Առանձնահատուկ նշանակալից էր այն, որ այդ ճանապարհը կառուցվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ համայն հայության մասնակցությամբ, և այդ մասին ցուցանակներն ու գրառումները մենք տեսնում էինք ճանապարհի ամբողջ երկայնքով։

2020-ի նոյեմբերի 25-ին՝ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, իշխանությունը գրչի մեկ հարվածով հանձնեց Մոնթեի ազատագրած Քարվաճառը, որն, ի դեպ, վերջին պատերազմի ընթացքում բացարձակ անառիկ էր մնացել։ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի՝ Սոթքի հատվածում թշնամին մեր առաջ փակեց Արցախի դարպասը, ապամոնտաժվեց «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը։ Այդ տեսարանն այս իշխանության և մեր պետության հավերժական ու աններելի խարանն է ու ամոթը։

Իսկ կար ժամանակ, երբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը հանրության աչքն էին մտցնում հետագայում այն հանձնածները, թեև այդ նախագծի իրականացման հետ որևէ կապ չունեին։ Մասնավորապես, երբ պարտության հիմնական ռազմական պատասխանատուներից մեկը՝ Սամվել Բաբայանը, դեռևս 2019-ի փետրվարին հայտարարեց, թե իբր 2017-ին Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ և խոսել միակողմանի զիջումների մասին, նրան արձագանքեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի երբեմնի խորհրդական, Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը՝ բառացիորեն հայտարարելով. «Հող հանձնող իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում»։

Սա այն նույն Արայիկ Հարությունյանն է, որը պատերազմական 44 օրերի ընթացքում այդպես էլ մի քանի րոպե չգտավ Ստեփանակերտում օրեր շարունակ իր ընդունելությանն սպասող ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ընդունելու համար։ Փաստորեն, ընդամենը մեկուկես տարում Հայաստանի նախկին նախագահներից երկուսի մասին Արայիկ Հարությունյանը տրամագծորեն տարբեր դիրքորոշում որդեգրեց։ Դա զարմանալիորեն համընկել էր նրա կարգավիճակի փոփոխության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ Արցախի նախագահ ընտրվելու հետ։

Ցանկացած պետության ղեկավարի համար այսքան նվաստացուցիչ պարտությունը, երբ տարածքի 75 տոկոսը կորսվել է, սեփական պատասխանատվությանը միտված արմատական գործողության կամ գոնե դիրքորոշման պատճառ կլիներ։ Բայց ոչ, արցախցի Արայիկ Հարությունյանը շարունակում է ձայնակցել Հայաստանի իշխանություններին և մեղավորներ փնտրել իրենից և ՀՀ կառավարությունից դուրս։

Բացի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից՝ վարչապետից, պատերազմական օրերի պաշտպանության նախարարից, ԶՈՒ ԳՇ պետից, բնականաբար, շատ բան ունի պատմելու նաև Արցախի նախագահը։ Հետպատերազմյան մի քանի հայտնություններում նա փորձել է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը դնել հայաստանյան որոշակի շրջանակների վրա, բայց դա նրան հասկանալիորեն չի ազատում պատասխանատվությունից։

Ամիսներ առաջ մի գաղտնալսում հրապարակվեց, որում Արցախի նախագահը նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հետ հեռախոսազրույցում ասում է, թե արդեն տասն օր է՝ Երևանից օգնություն է խնդրում և չի ստանում։ Ձայնագրության մեջ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Փաշինյանին խնդրել է կանգնեցնել պատերազմը, նաև խոստովանում է, որ պատերազմի ամբողջ ընթացքում ստել են՝ ասելով՝ «Հաղթում ենք», բայց պարտվել ենք։ Հետաքրքրական է՝ ե՞րբ է այս գաղտնալսման մասին Արայիկ Հարությունյանը վկայի կարգավիճակով ցուցմունք տալու։