Փաշինյանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», - նշեց նա։

Նրա խոսքով, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։

«Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն։ Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը առավելագույնն անել՝ օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ։ Հարցեր կան, որոնց լուծումը ավելի երկար ժամանակ է պահանջում։ Բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը գնալ լուծումների», - ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ նման հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը։

«Կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելմիմտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am-ը։