Գեղամ Մանուկյան. ԱԺ աշխատանքների լուսաբանումն ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ իր ելույթում անդրադարձավ մամուլի ազատությանը և տեղեկություն ստանալու քաղաքացու իրավունքին:
«Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլն այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգություններ լրատվամիջոցների առանձին լրագրողների նկատմամբ: ԱԺ շենքում եղել են բազմաթիվ խայտառակ դեպքեր, և շատ հաճախ իշխանությունը ստիպված է եղել արձագանքել դրանց: Եղել են նաև խիզախ լրագրողներ, որ ԱԺ շենքում կանոնակարգեր են խախտել և իրենց քաղաքացիական դիրքորոշումն են արտահայտել»,-ասաց Մանուկյանը` մատնանշելով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին և Երևանի քաղաքապետ մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին (գազային պայմանագրի քվեարկության ժամանակ իրականացրած ակցիան):
«ԱԱԾ որևէ աշխատող քացով դուրս չի արել նրանց, որևէ մեկին այստեղից չեն վռնդել, ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատել»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի` մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, նա հիշեցրեց, որ դեռ 3-4 տարի առաջ, երբ կառավարությունը փորձեց իր նիստերի հեռարձակումը դադարեցնել, հանրային մեծ բողոքի ալիք բարձրացավ:
«Տիկին Հերիքնազ Տիգրանյանը շատ լավ կհիշի, բայց այսօր տեսնում ենք ԱԺ աշխատանքների լուսաբանումն ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է»,-ասաց Մանուկյանը:
Պատգամավորը բարձրաձայնեց իր մտահոգության մասին` խորհրդարանում աշխատող լրագրողը զրկված է իր հիմնական առաքելությունից` հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելուց, քանի որ շենքում սահմանափակումներն այնքան շատ են, որ օբյեկտիվ իրականությունը դժվար է հանրությանը փոխանցել:
«Քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների` հանրային վայրերում գործունեության մասին: Մենք տեսանք նոր, աննախադեպ երևույթ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջանում զրկում են խորհրդարանում լուսանկարելու իրավունքից: Երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է, բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում հանրային հեռուստատեսությամբ ներկայացվել է ԱԺ աշխատանքը, բայց կոնկրետ մի լրագրողի զրկում են իր աշխատանքից, իսկ երեկվանն աննախադեպ էր»,-պնդեց Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով` պետական տարբեր կառույցների կողմից մամուլի դեմ աննախադեպ թիրախավորում է կատարվում, իսկ պաշտոնյաների կողմից այնպիսի հայտարարություններ են արվում, ըստ որոնց՝ լրագրողներին համեմատում են ահաբեկիչների հետ և պարբերաբար հիշեցնում Նաիրի Հունանյանի` լրագրող լինելը: Տեղից ինչ-որ մեկն ասաց, որ հիշեցնում են:
«Եթե հիշեցնում եք, հիշեցրեք, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան ևս լրագրող է: Նաիրի Հունանյանն ահաբեկիչ էր, մեկն էլ` երկիրը վարի տվեց»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է Hetq.am-ը: