Ադրբեջանը բանակցում է Իսրայելից 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ
Ադրբեջանական իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլար արժողությամբ զենքեր գնելու շուրջ, գրում է իսրայելական «Իսրայել հայոմ» թերթը:
Մատնանշվում է երկու հիմնական գործոն, որոնց պատճառով Բաքուն փորձում է բանակը հզորացնել իսրայելական սպառազինությամբ։ Առաջինը իբր վերաբերում է Հայաստանի հետ սահմանին հաճախակի դարձած փոխհրաձգություններին, որոնք կարող են վերաճել Ղարաբաղում նոր պատերազմի։ Երկրորդը՝ անցած պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումն է։
Ադրբեջանում արդեն կան իսրայելական պաշտպանական ընկերությունների զարգացման կենտրոններ։ Իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում ՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալի մասնակցություն են ունենում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Նշվում է, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է դեսպանատուն բացել Իսրայելում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։