Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔՈՒՄ «ԱՐՑԱԽ» ԲԱՌԸ ՀՆՉԵՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

Առնվազն մի փոքր տարօրինակ և անհասկանալի է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու պատրաստակամություն հնչեցնում է այդ երկրի կողմից ՀՀ որոշ տարածքներ բռնազավթելու փորձի ֆոնին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ այսօր հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակներում։

«ՀՀ վարչապետի այսօրվա խոսքում «Արցախ» բառը հնչեց ընդամենը մեկ անգամ և այն էլ ոչ կարգավիճակի կամ գրավյալ տարածքների առնչությամբ։ Երկրորդ, առնվազն մայիսի 12-ից Հայաստանը հայտարարում էր, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերը դուրս գան ՀՀ տարածքից։ Այսօր վարչապետը նման բան չհայտարարեց, որովհետև ընդամենն ասաց, որ եռակողմ բանակցությունները պետք է վերսկսել հնարավորինս շուտ», - նկատեց քաղաքագետը։

Բենիամին Պողոսյանը հավելեց՝ վարչապետի այսօրվա հայտարարություններից այնպիսի տպավորություն է, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Հայաստանին, և Հայաստանը բավարարված է Արցախի հետ առնչություն ունենալ բացառապես սոցիալ-տնտեսական հարցերի շրջանակում։

«Արցախին վերաբերող ոչ մի այլ հարցում Հայաստանը, կարծես, չի ուզում ներգրավված և հետաքրրքված լինել», - ասաց նա։

Aysor.am