ՊՆ-ն առաջարկում է 2169 պահեստազորայինի ներգրավել մարտական հերթապահությունում
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2021թ․ օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել՝ նրանց ներգրավելով մարտական հերթապահությունում։ Կառավարության այս որոշման նախագիծը պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Համաձայն նախագծի՝ առաջարկվում է օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կայանալիք վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։
Ռազմական գերատեսչությունն ընդգծում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:
Ըստ պաշտպանության նախարարության՝ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Այս նախաձեռնությունը պետության համար կարժենա մոտ 3 միլիարդ դրամ, ծախսերը կատարվելու են պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Այս որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո, տեղեկացնում է Hetq.am-ը։