Ադրբեջանի նախկին դեսպանին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան
ՌԴ ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել 50 տարով արգելել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վագաբզադեի մուտքը Ռուսաստանի տարածք՝ ռուս ժողովրդի մասին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար, փոխանցել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնին, տեղեկացնում է News.am-ը:
Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել էր, որ Վագաբզադեն տեսախցիկի առաջ ռուսներին խոզեր է անվանել:
«Այսօր որոշումներ են կայացվել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Կուատ Ախմետովի և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Իսֆանդիար Վագաբզադեի մուտքը ՌԴ տարածք 50 տարով արգելելու մասին, քանի որ նրանք համացանցում ազգամիջյան պառակտում հրահրող հրապարակային հայտարարություններ են արել», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կուատ Ախմետովը հայտարարել է, որ ռուսները, իբր, արհամարհական վերաբերմունք ունեն իր հայրենակիցների նկատմամբ:
«Ռուսաստանի ՆԳՆ-ն նախազգուշացնում է, որ ՌԴ-ի, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների հանդեպ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրյա քաղաքացիներին թույլ չի տրվի մուտք գործել երկիր՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանում նրանց գտնվելը կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը»: