ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵՆ ԱՍԵՍ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ԷԼ ԵՂԵԼ
Այս տարվա տոնացույցի հիշարժան օրերը՝ փետրվարի 20-ը, մայիսի 9-ը, ենթադրվում է՝ պետք է գլխիկոր նշեինք, քանի որ այս երկու տոների իմաստն էլ կորսված է։ Ամեն դեպքում դա չխանգարեց նախագահին, վարչապետին, զանազան այլ մանրումեծ պաշտոնյաների տոնական ուղերձներ հղել։ Մոտենում է Անկախության երեսնամյակի տոնը, որն ավանդաբար՝ հինգ տարին մեկ՝ հոբելյանական տարեթվերին, նշանավորվում էր Հանրապետության հրապարակի զորահանդեսով։ Ի՞նչ է առաջարկվելու մեզ այդ օրը, ի՞նչ ուղերձ է հնչելու։
Հավանաբար այնպիսի երեսպաշտ մի ուղերձ, ինչպիսին լսեցինք, օրինակ, արցախյան շարժման օրը՝ փետրվարի 20-ին։ Մեր նորագույն պատմության ամենանշանակալից ամսաթվերից մեկին՝ Շարժման սկզբնավորման օրը, շնորհավորական ուղերձ էր հղում Հայաստանի այն վարչապետը, որի օրոք և ձեռամբ Արցախը կորսվեց։ Նիկոլ Փաշինյանը չէր բարեհաճել նույնիսկ ճշտել, թե շարժման որ տարեդարձն է, և սխալմամբ գրել էր 32-ամյակ, մինչդեռ լրանում էր արցախյան շարժման 33-րդ տարեդարձը։
Շնորհավորական ուղերձ հղելու, Արցախի մասին առհասարակ որևէ տեքստ ասելու բարոյական իրավունք քչերն ունեն՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ապա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԼՂԻՄ-ի «Կռունկ» և «Միացում» կոմիտեների անդամ, Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի հիմնադիր, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց ոչ երբեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի տոնին, կորսված Եռատոնին շնորհավորական ուղերձներ հղող Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ տասնամյակներ շարունակ իր թերթոնում, ապա և հանրահավաքային ելույթներում թույն ու թարախ էր ներարկում արցախցիների նկատմամբ՝ նրանց կոչելով «ղարաբաղցի տականքներ»։ Պարզվում է՝ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն Արցախում եղել է պատգամավոր դառնալուց հետո միայն, այսինքն՝ լրագրողական գործունեության քսան տարվա ընթացքում այդպես էլ Արցախ չի այցելել։ Սա անպատկերացնելի մի բան է, բայց նրա դեպքում՝ լիովին հնարավոր։
Արդեն պաշտոնակալումից հետո և հատկապես հետպատերազմյան իրականությունում Փաշինյանը մեկընդմիշտ հրաժեշտ տվեց արցախյան շարժման գաղափարներին, ավելին՝ ստիպում է բոլորիս համակերպվել այդ իրողության հետ։ Ու եթե իր ընտրազանգվածին խորապես միևնույն է՝ Արցախ կա՞, թե՞ ոչ, կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ Արցախում ապագա կա՞, թե՞ ոչ, ապա արցախյան շարժման հիմնադիրներին և առաջամարտիկներին այդ հարցը, ենթադրվում է, պետք է զօրուգիշեր մտահոգեր, ինչպես մտահոգում էր երեք տասնամյակ առաջ։
Խոսքը նախևառաջ ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կամ պարզապես «Ղարաբաղ» կոմիտեի դասական կազմի մասին է։ Չէ՞ որ այդ պատկառելի քաղաքական գործիչները, միգուցե անգամ իրենց լրացուցիչ դափնիներ վերագրելով, պնդում էին, թե իրենք են Հայաստանի նորագույն հանրապետության և ազատ Արցախի հիմնադիրները։ Եթե այդպես է, ինչո՞ւ չխոսեցին Արցախի օտարման և Երրորդ հանրապետության մայրամուտի մասին։
Շարժման տարեդարձի օրն, օրինակ, երբեմնի Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթ էր ունենում Ազատության հրապարակում՝ վերհիշելով 33 տարի առաջվա իրենց պայքարն ու նույնիսկ նմանություններ գտնելով նորօրյա պայքարի հետ, իսկ կոմիտեի մեկ այլ անդամ՝ Ալեքսան Հակոբյանը, այդ օրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակում էր՝ ջերմ ժպիտով զրույցի բռնված։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամը շնորհավորանք էր լսում իր կյանքի գործը ջուրը լցրած իշխանության կարկառուն ներկայացուցչից։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ևս մեկը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետպատերազմյան օրերին և նախընտրական շրջանում կոշտ գնահատումներ տվեց և խստորեն քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ նրան տալով թերևս լավագույն բնութագիրը՝ ազգակործան պատուհաս։ Իսկ Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Դավիթ Վարդանյանը, Աշոտ Մանուչարյանը և փախուստի մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը ոչինչ չե՞ն կորցրել, ասելու ոչինչ չունե՞ն։