Արամ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ԻՐԱՆԻ ՀԵՏ, ԱՅԼԱՊԵՍ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ
Ներկայիս տեսքով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է բազմաթիվ ստորջրյա խութեր պարունակել Հայաստանի համար։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Եթե մենք խոսում ենք միակողմանի ապաշրջափակման մասին, որը Հայաստանի տարածքով Թուրքիայի համար միայն ճանապարհ կբացի դեպի Նախիջևան, այնուհետև Ադրբեջան, ապա դա մեզ պետք չէ։ Մենք կհայտնվենք նոր բլոկադայում և թյուրքական նոր «պարկում»», – ասաց Սարգսյանը։
Ապաշրջափակումը Հայաստանի համար հետաքրքիր կլինի այն դեպքում, եթե այն երկաթուղային ճանապարհ ստանա դեպի Թեհրան (նույն Նախիջևանով), այնուհետև նաև Պարսից ծոցի նավահանգիստներ։ Միայն այդպես Հայաստանը կկարողանա կապող օղակ դառնալ եվրոպական երկրների և Պարսից ծոցի միջև։ Տարանցման գործառույթները, տնտեսական շահից բացի, Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են խոստանում, կարծում է քաղաքական գործիչը։ Հանուն անխափան բեռնափոխադրումների տասնյակ պետություններ շահագրգռված կլինեն տարածաշրջանի կայունության և անվտանգության մեջ։
«Բայց եթե մենք միայն ճանապարհ ենք բացում Թուրքիայի համար դեպի Ադրբեջան Նախիջևանի միջով, ապա մենք կրկին շրջափակման մեջ ենք հայտնվում։ Խիստ կասկածում եմ, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են այս փաստը», – ասում է քաղաքական գործիչը։
Նա քննադատում է Հայաստանի կառավարությանն այն շտապողականության համար, որով փորձում են հասնել հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Այդ շտապողականության դեպքում Ադրբեջանին նոր զիջումներն անխուսափելի են, այդ թվում ՝ տխրահռչակ անկլավների տեսքով: