ՉԿԱՅԱՑԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ, ՉԿՐԱԿՈՂ ԶԵՆՔՆ ՈՒ ՉԾԱՌԱՅԱԾ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Կկայանա՞ արդյոք ավանդական զորահանդեսը Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության հոբելյանական տարեդարձի առիթով։ Ըստ ամենայնի՝ ոչ։ 44-օրյա պատերազմի ընթացքում կրակեցի՞ն հակաօդային պաշտպանության՝ կասկածելի աղբյուրներից ձեռք բերված և տեխնիկապես անսարք «Օսա ԱԿ-Մ» զենիթահրթիռային համալիրները։ Պարզվեց՝ ոչ։ ՀՀ վարչապետ, պատերազմական վիճակում՝ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը ծառայե՞լ է բանակում։ Հայտնի է, որ ոչ, բայց հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ։
Բանակի, սպառազինության, ռազմավարության եվ մարտավարության մասին Փաշինյանի գիտելիքները մեկ անգամ չէ, որ ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի շրջանում են զարմանք հարուցել։ Ամենահայտնին, իհարկե, ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռների չպայթելու կամ իբր տասը տոկոսով պայթելու մասին նրա պնդումն էր։ Անշուշտ, հատուկ տաղանդ է պետք ունենալ՝ նման անզգույշ և չհաշվարկված արտահայտություն անելու և միջպետական սկանդալ հրահրելու համար։
«Իսկանդերի» փաստացի անգործունակության մասին պետական ամենաբարձր մակարդակով հնչած այս պնդումը լուրջ կրքեր բորբոքեց Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրում՝ Կրեմլից ու Պետդումայից մինչև հեռուստաբանավեճեր ու մամուլ, և առանց այն էլ բավական անմխիթար վիճակում գտնվող հայ-ռուսական հարաբերություններն ավելի վտանգվեցին և՛ քաղաքականապես, և՛ ռազմատեխնիկական գործակցության հարցում։
Ամենազավեշտալին, սակայն, այն էր, որ Նիկոլ Փաշինյանն «Իսկանդեր» հրթիռները կոչեց 80-ականների զենք՝ ակնհայտորեն բացասական երանգավորմամբ խոսելով դրանց մասին, քանի որ այդկերպ նա սովոր է բնորոշել հենց անորակ, հնամաշ և անպիտան զենքը։ Փաշինյանը հավանաբար տեղյակ չէ, որ Ռուսաստանում այս հրթիռների արտադրությունն սկսվել է 1990-ականների վերջերին, իսկ ռուսական սպառազինության կազմ այն մտել է 2006-ին։
Մարտական գեներալներից ոմանք (Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը՝ անգամ իր պաշտոնի գնով) և մի շարք ռուս ռազմական փորձագետներ շտապեցին հերքել Փաշինյանի անհասկանալի պնդումը՝ հավաստիացնելով, որ «Իսկանդերի» հրթիռը չի կարող պայթել տասը տոկոսով, և ճիշտ կիրառության դեպքում այն պետք է խոցի նպատակակետը։ Առավել ուշագրավ էր, որ ռուսական և ադրբեջանական աղբյուրներն սկսեցին իրարամերժ տեղեկատվություն տալ՝ մի մասը հաստատելով, մյուսը՝ հերքելով հրթիռների կիրառման փաստը։
Ստացվում է՝ Հայաստանի վարչապետը փաստացի քաղաքական մեղադրանք ուղղեց մեր ռազմավարական դաշնակցին՝ մեղադրելով նրան անորակ զենք մատակարարելու համար։ Ուշագրավ է, որ դա արվեց Ռուսաստանում պետական տոն համարվող Հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-ին, խիստ հակառուսական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Կասկածի տակ դրվեց ռուսաստանյան բանակի նորագույն սպառազինություններից մեկի արդյունավետությունը, այն զենքի, որից աշխարհում ունենք միայն մենք և Ռուսաստանը։
Պատերազմից առաջ Փաշինյանը պնդում էր, թե Հայաստանը փակել է «80-ականների զենքերի ամոթալի էջը»։ Ուշագրավ է, որ այս պնդման մեջ երկու փաստական սխալ կա։ Նախ, 80-ականների զենքի էջը բնավ ամոթալի չէ, քանի որ մեզ հետ համեմատելի երկրների զինանոցներում ուշ խորհրդային շրջանի արտադրության սպառազինությունը բավական հարգի է և ընդունված։ Հայկական ԶՈՒ-ն, ձևավորվելով խորհրդային բանակի ռազմատեխնիկական հենքի վրա, տարբեր զորատեսակներում հաջողությամբ կիրառել և կիրառում է հենց 80-ականների զենքը։
Բացի այդ, ինչդեռ պատերազմի ընթացքում պարզվեց, մենք կռվում էինք ընդհուպ 70-ականների զենքով, երբեմն՝ ժանգոտած ու հնամաշ զենքերով, ինչպիսիք հենց ՀՕՊ մի շարք միջոցներն էին, որոնք, պարզվում է, պարզապես խոտանված էին և Հայաստանի կողմից ձեռք էին բերվել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի արդյունքում։ Հետաքրքրական է՝ ստեղծվելիք խորհրդարանական քննիչ հանձնաժողովն առհասարակ անդրադառնալո՞ւ է նմանաբնույթ հարցերի։