Արթնացել են. ԱԺ-ն քննարկում է Սևանից ջրի բացթողման ավելացման հարցը

Ազգային ժողովն օգոստոսի 17 -ին արտահերթ նիստին քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Օրինագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:

2021 թվականի ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման` այդ գումարների հաշվին սահմանած ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար: Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը, տեղեկացնում է News.am: