«Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ին առաջարկում է քննարկել սահմանային լարվածության հարցը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովին առաջարկում է քննարկել ՀՀ–ի շուրջն ու սահմանային տարածքներում ստեղծված լարվածության հարցը։

Առաջարկը խորհրդարանի արտահերթ նիստում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության անդամ Սեյրան Օհանյանը։

«Քանի որ այսօր երկու ընթերցումների արանքում ժամանակ ունենք, «Հայաստան» դաշինքն առաջարկում է փակ, գաղտնի, բաց՝ ինչպես դուք կորոշեք, քննարկում կազմակերպել, համապատասխան պատասխանատու անձանց կողմից` հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանից։ Քննարկենք իրավիճակը, իմանանք իրականությունն ու մեր հասարակության մտահոգությունները փարատենք»,– ասաց Օհանյանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ իր ելույթում շեշտեց, որ Սևանի հարցն, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր անվտանգային հարցեր կան։ Նա հիշեցրեց, որ օրերս CNN TURK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր նոր պատերազմով, Ռուսաստանից էլ պահանջել էր «սեփական պարտության հետ համակերպված» Հայաստանին զենք չմատակարարել։

 «Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից»,– ասաց նա` շեշտելով, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով դեռ չի պատասխանել Ալիևի այդ հայտարարություններին։

Ըստ Թևանյանի, Հայաստանի լռությունն Ալիևն ընդունել է իբրև թուլության նշան ու անցել գրոհի, որի արդյունքում ունենք զոհեր ՀՀ սահմաններում։

Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացավ նիստի ընդմիջմանը քննարկել Սեյրան Օհանյանի առաջարկը։

Նշենք, որ ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանը Ալեն Սիմոնյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը։

ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ է գումարել կառավարության առաջարկով` քննարկելու Սևանից ոռոգման նպատակով հավելյալ ջրառի առաջարկը։

Կառավարության նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց թողնել 245 մլն մ³ ջուր, տեղեկացնում է Sputnik Armenia։