Սոթքի աշխատակիցները վերադարձել են հանք հակառակորդի կրակոցների դադարելուց հետո

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հակառակորդի կրակոցների պատճառով երեկ՝ օգոստոսի 16-ին, տարհանվել էին հանքավայրի տարածքից։

News.am-ի հետ զրույցում ասաց GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը պատմեց, որ տարհանվել է գիշերային հերթափոխը։

«Քանի որ կրակոցներ էին հնչում, այդ պատճառով գիշերային հերթափոխը տարհանվել է։ Ժամը 03։00-ի սահմաններում աշխատակիցները վերադարձել են հանքավայր»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին սրվել էր իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Ժամը 21.00–ի սահմաններում էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա և բնակիչները փորձում են պատսպարվել: