Արցախի փրկարարները ևս 2 աճյուն են հայտնաբերել Ջրականի շրջանում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia։