ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը ցանկանում է վիժեցնել ապաշրջափակման գործընթացը

Ադրբեջանի գործողությունները նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների բացումը: Նման հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով երեկ և այսօր գրանցված Ադրբեջանի սադրիչ քայլերին։

«Դատապարտում ենք ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունից վստահեցնում են` Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը:

Միաժամանակ, արտգործնախարարությունը նշում է` հատկանշական է, որ Ադրբեջանի գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ, տեղեկացնում է Sputnik Armenia: