Փաստաբան․ Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ 149.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործի հետ:

Նա նշեց, որ տվյալ մեղադրյալի շրջանակում կրկին գործ ունեն Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հետ, որը հավատ չներշնչող ցուցմունք է, գործում առկա այլ ապացույցների հետ եթե համադրեն, հերքվում են:

«Մենք ոնց կարող ենք հավատալ մի մարդու, որը 4 անգամ տվել է ցուցմունք, բոլոր ցուցմունքները հակասական են: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ավետյանը ցուցմունքները տվել է այն բանից հետո, երբ նա կալանավորվել է, ազատվել է արգելանքից այն ժամանակ, երբ այդ ցուցմունքներն առերես պնդել է Առուշ Առուշանյանի հետ:

Միանշանակ, յուրաքանչյուրը կարող է ասել, որ այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը: Դա ուղղակի ակնհայտ է»:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 16-ին, տեղեկացնում է Panorama.am: