ԱԺ խորհուրդն ընդունեց լրագրողների գործունեությունը խորհրդարանում սահմանափակող որոշումը

Ազգային ժողովի խորհուրդն ընդունեց լրագրողների գործունեությունը խորհրդարանում սահմանափակող նախագիծը։ Ինչպես հայտնում են ԱԺ կայքից, այսօր կայացած արտահերթ նիստում քննարկվեց խոսնակ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն: Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:

Նախագծով առաջարկվում էր նաև ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները: Որշումն ընդունվեց 13 կողմ և 4 դեմ ձայներով, տեղեկացնում է Sputnik Armenia։