Ժոսեպ Բորելը Աֆղանստանի մասին. սա աղետ է

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոսեպ Բորելը իրադարձություններն Աֆղանստանում անվանել է «աղետ» և ասել, որ հետախուզությունը չկարողացավ կանխատեսել թալիբների վերադարձն իշխանություն, տեղեկացնում է Reuters-ը։

Դիմելով Եվրախորհրդարանին՝ Բորելն ասել է, որ ԵՄ մոտ 100 աշխատակից և ԵՄ-ի հետ աշխատող 400 աֆղանստանցի և նրանց ընտանիքները տարհանվել են, բայց ևս 300 աֆղանստանցի դեռևս փորձում է հեռանալ։ Նա ընդգծել է Եվրոպայի «բարոյական պարտքի» մասին՝ փրկելու որքան հնարավոր է շատ աֆղանստանցիների, ովքեր աշխատել են ԵՄ-ի համար Աֆղանստանում, բայց նշել է, որ բոլորին դուրս բերել չի հաջողվի։

«Թույլ տվեք ինձ ասել հստակ և ուղիղ, սա աղետ է»,- ասել է Բորելը։ «Սա աղետ է աֆղան ժողովրդի համար, արևմտյան արժեքների և հեղինակության համար, ինչպես նաև միջազգային հարաբերությունների զարգացման համար»։

Իր ելույթում Բորելը անդրադարձել է այն մտահոգություններին, որ աֆղանստանցի միգրանտների նոր ալիքը կարող է հասնել Եվրոպա և կրկնել 2015թ. միգրացիոն աղետը։

«Նրանց միգրանտներ մի անվանեք, նրանք վտարված մարդիկ են, ովքեր փախչում են, որպեսզի փրկեն իրենց կյանքը»,- ասել է Բորելը՝ հերքելով համեմատությունները Սիրիայի հետ։

Բորելը տեղեկացրել է, որ շփումներ է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգի հետ, որը ուրբաթ վիրտուալ ճգնաժամային հանդիպում կունենա դաշինքի արտաքին գործերի նախարարների հետ Աֆղանստանի քննարկման համար, տեղեկացնում է News.am։