Հայաստանը կարևորել է գազի, նավթի և նավթամթերք ընդհանուր շուկայի ստեղծումը ԵԱՏՄ-ում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միավորման զարգացման առանցքային բաղադրիչներից մեկն է: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
«Մենք համոզված ենք, որ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծմանն ուղղված հետևողական և թափանցիկ աշխատանքն է: Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել բազմաթիվ մարտահրավերների՝ նպաստելով մեր երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և տնտեսության կայուն զարգացմանը»,-հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով «Հայաստանը գոհունակություն է հայտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից Միության գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հարցերում կատարված զգալի աշխատանքի կապակցությամբ»:
«Հուսով ենք, որ կառուցողական աշխատանքը կշարունակվի փոխըմբռնման և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հաշվառման հիման վրա»,-հավելել է ՀՀ վարչապետը։
Վարչապետը կարևորել է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի իրագործումը, ինչպես նաև համագործակցությունը` կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնների կրճատման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: