«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԹՇՆԱՄԱԲԱՐ ԶՐՈՅԱՑՎԱԾ Է

Հատուկենտ համահայկական կառույցներ կան, որոնք անկախացումից ի վեր աշխարհի հայությանը համախմբել են նվիրական գաղափարի շուրջ և կենտրոնացրել կարևորագույն գաղափարի՝ պետության համար մնայուն ներդրման հարցում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այդպիսին է, որ լինելով անկախության գրեթե տարեկիցը՝ համայն հայության ուժերով տասնամյակներ շարունակ լուծել է Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրները։

Արդեն տեվական ժամանակ է՝ հիմնադրամի վարկանիշը պատմական նվազագույնի վրա է, հետևաբար՝ Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրերն էլ՝ կասկածի տակ։ 2018-ի իշխանափոխությունից հետո առաջին հարվածներից մեկը հասցվեց հենց հիմնադրամին՝ նրա երբեմնի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ քրեական գործի հրապարակայնացմամբ լրջորեն վնասելով հիմնադրամի հեղինակությանը։ Արդյունքում՝ նաև սփյուռքյան աջակցությամբ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին տարում՝ 2018-ին, նոյեմբերյան ավանդական հեռուստամարաթոնին հավաքվեց մեկուկես միլիոն դոլարով ավելի քիչ գումար, քան 2017-ին՝ Սերժ Սարգսյանի օրոք։

Հետպատերազմյան իրավիճակում հիմնադրամի ֆինանսների ոչ նպատակային օգտագործումը դարձավ սփյուռքահայ շրջանակների համբերության բաժակի վերջին կաթիլը։ Անգամ հանրապետության նախագահ, ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այս վիճակը բնութագրեց իբրև դրամատիկ և պնդեց, որ հիմնադրամը պետք է զերծ լինի կասկածներից և ենթադրություններից։ Իսկ կար ժամանակ, երբ ներկայիս իշխանականներն էին իրենց ընդդիմադիր տարիներին ամերիկահայությանը կոչ անում գումար չփոխանցել հիմնադրամի հաշվեհամարին՝ դրա իբր կասկածելի և ոչ նպատակային օգտագործման պատճառով։

Սփյուռքահայ մի շարք խոշոր նվիրատուներ պատերազմից հետո պարզեցին, որ հիմնադրամին իրենց նվիրաբերած գումարը փոխանցվել է կառավարության հաշվեհամարին, այլ կերպ ասած՝ պետբյուջեին։ Խոսքը վիթխարածավալ գումարի՝ մոտ 52 միլիարդ դրամի մասին է։ Պատերազմի օրերին համայն հայության հանգանակած գումարի չափն ընդհանուր առմամբ մոտ 170 մլն դոլար էր, որն, ըստ խոստման, հիմնադրամի հաշվեհամարից պետք է ամբողջապես ուղղվեր Արցախի վերաշինության և վերակառուցման ծրագրերին։

Փաստորեն դրա մեծագույն մասը՝ 52 միլիարդ դրամը կամ 107 մլն դոլարը, տնօրինվել է կառավարության քմահաճույքով։ Ո՞վ կարող է բացառել, որ այդ միջոցները ծախսվել են ոչ թե նպատակային, այլ, օրինակ, պարգևավճարային ֆոնդի համալրման նպատակով, հատկապես որ պատերազմի օրերին էլ որոշ գերատեսչությունների աշխատակիցներ շարունակել են պարգևավճարներ ստանալ։

Վարչապետը հոգաբարձուների խորհրդի հայտնի տեսաքննարկմանն արդարանում էր, թե այդ 52 միլիարդը մուտքագրվել է բյուջե և դարձել ընդհանուր կաթսայի մաս, հետևապես՝ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ ինչ ուղղություններով է այն ծախսվել։ Սա այն դեպքում, երբ ըստ համահայկական հիմնադրամի կանոնադրության՝ կառավարությունը պետք է հստակ հաշվետվություն ներկայացնի՝ ինչի՞ վրա է ծախսել այդ գումարը։

Փաշինյան-Հակոբյան ընտանիքն ունի իր նախասիրած հիմնադրամը՝ «Իմ քայլը», և հատկապես Աննա Հակոբյանի գերակտիվ գործունեության և այդ հիմնադրամի համար դրամահավաքների կազմակերպման ֆոնին՝ բնավ նկատելի չէ համահայկական հիմնադրամի խաթարված հեղինակության վերականգնման ձգտումը։ Ինչո՞ւ վարչապետի ընտանիքի անդամները նույն ակտիվությամբ չեն քարոզում այն հիմնադրամը, որն իրենց հետ կապ չունի, եղել է իրենցից առաջ և կլինի հետո։ Հիմքեր կա՞ն պնդելու, որ «Իմ քայլը» հիմնադրամին գումար հանգանակելն իշխանության «սրտի օլիգարխ» դառնալու ամենակարճ ճանապարհն է։

Իսկ կային օրեր, երբ մենք անցնում էինք հիմնադրամի միջոցներով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, որն ամբողջապես թշնամուն է հանձնվել, և ցուցանակների վրա կարդում աչք շոյող նախադասությունը՝ «Այս ճանապարհը կառուցվել է համայն հայության մասնակցությամբ»։