Ուսումնական տագնապ. զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի և դուրս է եկել նախորոշված շրջաններ։

Նշենք, որ միաժամանակ 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։