Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն
Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:
Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն: Նա նվաճեց նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:
Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին:
Ավելի վաղ Էլինա Դանիելյանն այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
Նշենք, որ անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:
Դանիելյանը 2011 թ.-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: