Արման ԱԲՈՎՅԱՆ․ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ, ԵՐԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՆՈՂԿԱՆՔՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԸ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ» ԱՆՎԱՆԵԼ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ մատնանշելով հասարակության շրջանում տարածված մտայնությունները, որոնք պարտվողական ոգի սերմանեցին ու, ի վերջո, հանգեցրին պատերազմում ճակատագրական ելքի։

Այդ ելքի պատճառներն Արման Աբովյանը ոչ միայն նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունն է համարել կամ Իլհամ Ալիևի «կառուցողականության» մասին գնահատականները, այլև այն, որ հասարակության մի հատված, այդպես էլ չհասկանալով Արցախի արժեքը, տուրք տվեց իրեն մատուցվող մանիպուլյացիոն հնարքներին։

« (…) Մենք պարտվեցինք, երբ որոշ` իբր հայեր, թեթևացած շունչ քաշեցին, թե իբր վերջ, ազատվեցինք Արցախից, և այժմ մենք կմիավորվենք խաղաղասեր էքստազի մեջ` քոչվոր բարբարոսների ցեղերի հետ:

Մենք պարտվեցինք, երբ զինվորների ծնողները պահանջում էին իրենց որդիներին Արցախից վերադարձնել Հայաստան:

Մենք պարտվեցինք, երբ իբր՝ հրապարակում պարտված երկրի որոշ իբր զինվորները եռանդորեն շնորհակալություն հայտնեցին «գերագույնին»՝ կապիտուլյացիայի համար, քանի որ դրանով նա «փրկեց իրենց կյանքը»: Այդ իբր զինվորները շատ չէին, սակայն կարևորը երևույթն էր, ոչ թե «ուրախացողների» քանակը։

Մենք պարտվեցինք, երբ արմատազուրկ տականքն ու հայկական ազգանուններով նողկանքները սկսեցին վատաբանել արցախցիներին և հին հայկական Շուշի քաղաքը «ադրբեջանական» անվանել:

Մենք պարտվեցինք, երբ նոյեմբերի 9 -ից նստում էինք տանը և միայն «արժեքավոր» խորհուրդներ էինք տալիս այն մարդկանց, ովքեր փորձում էին մի կերպ պայքարել:

Մենք պարտվեցինք, երբ չխելագարվեցինք պլաստիկ տոպրակների տեսքից՝ դիահերձարանի հատակին նետված մեր եղբայրների աճյուններով:

Մեր պարտությունը չի ավարտվել, մեր ամոթը չի սպառվել, այսօր սահմանագծման և սահմանների բացման քողի տակ պատրաստվում է Հայաստանի փուլային մասնատումը: Ամենավատն այն է, որ դուք դա ինձանից լավ գիտեք, բայց կկոցելով աչքերը՝ հրաժարվում եք հասկանալ, որ մենք արագորեն կորցնում ենք հայերի վերջին ապաստանը՝ մեր Հայրենիքը», - գրել է Արման Աբովյանը։

Aysor.am