ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՓՈԽԱԿԵՐՊՎԵՑ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ» ԺՈՂՈՎՐԴԻ

Արտահերթ ընտրությունից դեռևս մոտ երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ հանդիպումների անվան տակ սկսել էր չհայտարարված նախընտրական քարոզը։ Դրանք ներկայացվում էին իբրև վարչապետի մարզային այցեր, մինչդեռ հնչող տեքստերը բացահայտորեն քաղաքական էին, խոստումները՝ նախընտրական։ Գյուղամիջյան ճանապարհներին ասֆալտ փռելու խոստումներից մինչև «նախկիններին ասֆալտին փռելը» այդ մարզային այցերի լեյտմոտիվն էին։

Հայաստանում չկա գեթ մի բնակավայր, որն առնվազն մեկ զոհ տված չլինի այս պատերազմում։ Անգամ ամենափոքր և հեռավոր գյուղական բնակավայրերի գերեզմանոցներում կարելի է եռագույնով պարուրված թարմ շիրմաթմբեր տեսնել։ Բայց բոլոր այդ բնակավայրերում, բացառությամբ Սյունիքի համայնքների, Փաշինյանին ընդունում էին աղուհացով, երեխաներով, սելֆիներով, դհոլ-զուռնայով։ Որքան էլ բեմադրված տեսարաններ կային, ասենք՝ ավտոբուսներով շրջող խմբերը, որոնք ամեն համայնքում կոչ էին անում «իրենց ազատել նախկիններից», պետք է ընդունել, որ գյուղաբնակների մեծամասնությունը գալիս էր նրա հետ հանդիպման՝ հետաքրքրասիրությունից, համակրանքից, թե այլ բանից դրդված։

Զուգահեռ իրականությունում՝ պատերազմից մոտ մեկ տարի անց, զավթված Հադրութում, Վարանդայում, Ջրականում դեռևս մեր զոհերի մարմիններն են որոնում և չեն գտնում, քանի որ Ադրբեջանն այդ որոնումները պարբերաբար դադարեցնում է։ Մեծամորի դիահերձարանի դիմաց ամիսներ շարունակ բեռնատար սառնարաններում պարկերով մեր տղաների մասունքներն էին պահվում։ Անհետ կորածների հարազատները տասն ամիս է՝ սպասում են իրենց որդիների աճյունների հայտնաբերմանը։

Եվ մինչ գերիների ու անհետ կորածների բարեկամները տարբեր գերատեսչությունների դիմաց բողոքի ակցիաներ էին անում, վարչապետն ու յուր թիմը լայն ժպիտներով նախընտրական քարոզարշավ էին իրականացնում։ Անվտանգության հարյուրավոր աշխատակիցների ուղեկցությամբ Փաշինյանը գնում էր գյուղեգյուղ և օգտվելով մարդկանց տգիտությունից, նախապաշարումներից ու միֆերից՝ գեներացնում ատելության նոր չափաքանակ, որն արդյունքում կապիտալիզացրեց արտահերթ ընտրությանը։

Ժողովրդի մանդատն իրեն վերադարձնելու, ժողովրդի իշխանության և նմանաբնույթ մյուս թեզերն, ինչ խոսք, ականջահաճո կլինեին, եթե կառավարությունն իրականացրած լիներ սեփական նախընտրական ծրագիրը կամ գոնե աչքի ընկներ արդյունավետ հետճգնաժամային կառավարմամբ։ Մինչդեռ նույնիսկ հայրենազրկման աղետը մեր բնակչության մեծամասնության աչքերը չբացեց։ Պատերազմի սկսվելու, դրա ընթացքի, ավարտի, հետևանքների, մարդկային, տարածքային և նյութական կորուստների բեռն ու պատասխանատվությունը հաջողվեց լղոզել և վերագրել ում ասես, միայն ոչ սեփական ապաշնորհ կառավարմանը։

Քաղաքական ուժերը լավ գիտեն մեր ժողովրդին, բայց զարմանալիորեն պնդում էին, թե հանրությունն արթնացել է, սթափ և գիտակից ընտրություն է անելու, չի կարող քվեարկել պարտված իշխանությանը, հավատացնում էին, թե Փաշինյանի վարկանիշը պատմական նվազագույնի վրա է, և որևէ սոցհարցմամբ նա առաջատար չէ։ Ընդդիմությունը պարզապես չուզեց կամ չփորձեց առերեսվել իրականությանը, հաշվի նստել հանրության լայն շերտերի կրթվածության, պատկերացումների և նրանց ունեցած առաջնահերթությունների իրողության հետ։

Քաղաքական ուժերը շատ լավ գիտեին նաև այս իշխանության բնույթը, հրաշալի հասկանում էին, որ Փաշինյանը սեփական վերարտադրության համար պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ արյուն հեղելու։ Այդ պատճառով էլ նա ակտիվորեն քաղաքացիական բախումների կրքեր էր բորբոքում իր հնարավոր պարտության հետընտրական զարգացումներն ապահովելու համար, մինչդեռ դրա կարիքը չզգացվեց։ Եվ դարձյալ՝ ընդդիմությունը երեսպաշտությամբ էր զբաղվում՝ պնդելով, թե պարտված իշխանությունը չի կարող վերարտադրվել։

Շատ ավելի կարևոր է, որ ժողովուրդը հիշի՝ հունիսի 21-ին ինքն ընտրազանգվածից դարձյալ փոխակերպվել է «տուգանքի մատերիալ» ժողովրդի, բայց այդ ընթացքում հասցրել է վերջին մեխը խփել մեր պետականության դագաղի վրա։ Եվ ընտրությունից ընդամենը մեկ շաբաթ անց անջուր մնացած և փողոց փակող արմավիրցի խաղողագործներին, ցավոք, չեն փրկելու «Փաշինյա՛ն ջան, քեզ ենք ընտրել, մեր ջուրը մի՛ կտրի» բնույթի ինքնարդարացումները։