Դատախազություն․ Չարչյանի կալանքի որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում էր կայացվել մինչև նրա պատգամավոր դառնալը։ Sputnik Արմենիային այսպես պատասխանեցին դատախազության լրատվական բաժնից ի պատասխան Չարչյանի անձեռնմխելիությանն առնչվող հարցին։

Հայտնել էինք, որ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը։ Այսպիսով, վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Քանի որ Արմեն Չարչյանը վերցրել է պատգամավորական մանդատը, դատախազությունից հետարքրքվեցինք, թե արդյո՞ք Չարչյանին կալանավորելու համար արդյո՞ք անձեռնմխեիության հարց չի առաջանում։

«Չարչյանի կալանքի վերաբերյալ որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը»,–ասացին դատախազության լրատվական բաժնից։

Նշենք, որ Չարչյանին կալանավորելու որոշում էր կայացվել հունիսի 23-ին, այսինքն` այսօրվա որոշմամբ ուժի մեջ է մտնում հենց այդ օրը որոշված խափանման միջոցը։

Միաժամանակ, Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Չարչյանի կալանքի որոշմանը` պնդում է, որ պրոֆեսորը, այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությունով, չի կարող առանց ԱԺ թույլտվության ազատությունից զրկվել։

«Քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայությամն դեպքում, իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն»,–գրել է Ալեքսանյանը։