Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃԱԾ ՈՒ ԿԵՐՏԱԾ, ԿՅԱՆՔ ՏՎԱԾ ՈՒ ՀՈԳԻ ԴՐԱԾ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՑ

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրն է:

Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է:

Ամաչելու, որ Արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում և դրանից հետո այրվեցին մի ամբողջ սերունդ, մի ամբողջ Հայրենիք և մի ամբողջ արժեհամակարգ:

Որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության մակարդակը պատմական մինիմումի վրա է:

Որ այսօր մեր իրական ինքնիշխանության մասին հոգի, խիղճ ու խելք ունեցող մարդիկ առանց զայրույթի ու ցավի խոսել չեն կարող:

Որ Արցախյան շարժումը, որից ծնվեց մեր այսօրվա պետականությունը, և իր ձեռքբերումները անփառունակ կերպով մսխվեցին կապիտուլյանտ և հողատու ոհմակի կողմից:

Որ հայը իր պետության ներսում ֆիզիկական իմաստով ամենաանպաշտպան վիճակում է:

Որ հայկական երկրորդ պետականությանը տեր կանգնել չկարողացանք, իսկ հետո՝ չուզեցինք:

Որ պետության ինքնիշխան տարածքը արդեն 3-րդ ամիսն է, ինչ թշնամու կրնկի տակ է:

Որ հարյուրից ավելի գերիներ ունենք Ադրբեջանում, ու պետությունը թքած ունի իրենց ճակատագրի վրա:

Որ հազարավոր անհետ կորածներ ունենք, չհուղարկավորված հերոսներ ունենք, փախստականներ ունենք:

Որ քաղաքական հետապնդումները լկտիաբար շարունակվում են և հանգեցնում են հենց այս օրով ԱԺ ընդդիմադիր պատգամավորի կալանավորմանը:

Որ հենց այս օրով մեր սահմաններն այնքան խոցելի են, որ մեր զինվորականը մոլորվում ու գերի է ընկնում ադրբեջանցիներին:

Որ արժանապատվություն չունենք, կամք չունենք, խիղճ չունենք:

Ամաչում եմ մեր անկախությունը նվաճած ու կերտած, կյանք տված ու հոգի դրած սերունդներից:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ