ՓԱՇԻՆՅԱՆԻ DREAM TEAM-Ը. ԱՐՑԱԽԻՆ ԴԱՎԱՃԱՆԱԾՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանին նշանակելով արտաքին գործերի նախարար, ինչը հասկանալի պատճառներով սկանդալային արձագանք հարուցեց հայ հասարակության մեջ, Փաշինյանն ավարտեց խորհրդարանի և կառավարության ղեկավարության ձևավորումը: Եվ վերջապես ստացավ իր dream team-ը՝ երազանքի թիմը։ Եթե 2018-ին, ինչպես նաև 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, նրա ձեռքերը դեռ որոշ չափով կաշկանդված էին, ապա այժմ կապիտուլյանտը առանց որևէ դիմադրության բախվելու վերախառնեց իր խաղաքարտերի ողորմելի կապուկն ու վերանշանակեց իր ուսապարկերին: ԱԳ նախարարի հետ կապված թեթևակի հապաղումը հարթվեց կրկին իսկ իր թիմի ներկայացուցչի օգտին, վրդովմունքի իսկական պայթյուն առաջացնելով՝ այդ զավեշտական կերպարի լրտեսական անցյալի և խղճուկ ներկայի պատճառով:

Պրոֆեսիոնալիզմի առումով ներկայիս կառավարության մասին խոսելն առհասարակ անիմաստ է, քանզի այն զիջում է նույնիսկ առաջին «հեղափոխական» կազմին։ Քաղաքական առումով դա ձախողակների թիմ է՝ բառի բուն իմաստով, քանզի նրանք բոլորը (հատուկենտ բացառությամբ) անմիջական կապ ունեն պատերազմի ելքի հետ։ Բոլորն էլ այս կամ այն չափով մեղավոր են հայ ժողովրդի մեծ ողբերգության, այդ թվում՝ հազարավոր հայերի մահվան և տասնյակ հազարավորների հայրենազրկման, մեր Հայրենիքի գրեթե 75%-ը բարբարոսներին հանձնելու և դրան հաջորդած բոլոր իրադարձությունների համար, որոնք լրջագույն վտանգի տակ են դրել հայոց պետության բուն գոյությունը։

Թիմ, որը նույնիսկ չգիտակցեց ու մտքով անգամ չանցկացրեց ապաշխարել կատարած հանցագործությունների համար, փոխարենը ատամներով կառչեց աթոռներից ու շարունակում է տանել երկիրը դեպի անդունդ։ Թիմ, որը պետության և ժողովրդի կենսական շահերից առավել գերադասեց դավաճանությունը, անձնական հարստացումն ու հարմարավետ կյանքը, որի համար գոյություն չունեն ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական արգելքներ։ Թիմ, որը ծառայում է բնավ ոչ Հայրենիքին և ոչ էլ ազգին, այլ մեկ մարդու. կապիտուլյանտին, որն ապահովում է իրենց անհոգ գոյությունն ու պաշտպանությունը, քողարկելով նրանց մեղքերը՝ անձնական անմնացորդ նվիրվածության դիմաց։

Սա, ըստ էության, անսկզբունքային և բարոյազուրկ մանկուրտների ու դավաճանների համերաշխիք է, որոնք հետդարձի ճանապարհ այլևս չունեն. նրանք ընտրել են Փաշինյանին և դրանով իսկ գիտակցաբար հանձն առել պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ արդեն կատարվել և կատարվելու է Արցախի ու Հայաստանի հետ։ Եվ հետևաբար, նրա հետ միասին անխուսափելիորեն նստելու են մեղադրյալի աթոռին ու նետվելու պատմության աղբանոց, հազարավոր հայրենակիցների կողմից նզովվելով Հայրենիքի դավաճանության ու տասնյակ հազարավոր մարդկանց մահվան ու տառապանքների համար։ Արցախին դավաճանելու համար։

Ակտիվ ռազմական գործողությունների ավարտից անցել է գրեթե 11 ամիս, շուտով կլրանա ողբերգության սկսվելու ուղիղ մեկ տարին։ Այս ողջ ընթացքում կապիտուլյանտի թիմից գործնականում ոչ ոք և անձամբ ինքն էլ չեն այցելել Արցախ։ Էրատո-Հակոբյանը դեկտեմբերին փորձեց հող շոշափել, իբր Ամանորի մանկական տոն կազմակերպելով Ստեփանակերտում, բայց արժանի հակահարված ստանալով՝ պապանձվեց և այդ ժամանակից ի վեր չի լպտում։ Կապիտուլյանտները հասկացան, թե ինչ ընդունելություն է իրենց սպասում Արցախում, և խոհեմորեն որոշեցին բախտը չփորձել։

Մի կողմից՝ դա ուրախալի է։ Իրոք որ, պետք չէ, որ իրենց ներկայությամբ ապականեն ու պղծեն հայոց հողի սրբազան պատառիկը, որին հենց իրենք, այդ ուսապարկ-մարդիկ այնքան վիշտ ու աղետ են բերել, որից խլել են բառացիորեն ամեն ինչ։ Միանգամայն բավական է այնտեղ Փաշինյանի հանցակիցներից մեկի ներկայությունը, որը ժամանակ առ ժամանակ ինքն է գալիս Երևան՝ հրահանգներ ստանալու, իսկ ընտրությունների օրը հատուկ երևաց ՔՊ շտաբում, որպեսզի կրկին հաստատի շան հավատարմությունն ու հանցավոր կապի անքակտելիությունը։

Մյուս կողմից, եթե մի կողմ թողնենք բարոյական տեսանկյունը, ապա այս ամենն ունի նախևառաջ ակնհայտ քաղաքական աստառ։

Այնպես է ստացվել, որ Հայաստանի կառավարության անդամները, առաջին հերթին՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, պաշտոնում իրենց գործունեությունը սկսում են Արցախ այցելելությամբ։ Առհասարակ համաշխարհային քաղաքական պրակտիկայում նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյայի, հատկապես կառավարության ղեկավարի և ԱԳ նախարարի առաջին այցի հասցեն ոչ միայն խորհրդանշական, այլև գործնական նշանակություն ունի, նախանշելով տվյալ երկրի գերակայությունները ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Այս առումով այցելություններն Արցախ, իսկ այնուհետ, որպես կանոն, Մոսկվա, վաղուց ավանդական են դարձել Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերի պարագայում։ Փաշինյանի թիմը փլուզեց ու արժեզրկեց նաև այդ ավանդույթը, հռչակելով ու արդեն ձևավորելով նոր իրողություններ։

Ո՛չ Ալեն Սիմոնյանը, ո՛չ Արշակ Կարապետյանը, ո՛չ էլ Արարատ Միրզոյանն այդպես էլ չմեկնեցին Ստեփանակերտ։ Այն օրից ի վեր, երբ առաջինը ընտրվեց ԱԺ նախագահ, իսկ երկրորդը՝ պաշտպանության նախարար, անցել է արդեն 3 շաբաթ, բայց Արցախ այցելելու մասին խոսք անգամ չկա։ Միրզոյանն այդ առումով մեծ լյուֆտ ունի. նա նշանակվել է միայն օգոստոսի 19-ին, սակայն վստահաբար կարելի է ասել, որ այդ ուսապարկը նույնպես չի այցելի Ստեփանակերտ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ վախենում է շարքային արցախցիների հետ հանդիպումից. Արայիկ Հարությունյանը հաստատ կջանա ապահովել նրանց բոլորի հուսալի պաշտպանությունը։ Ոչ, նրա չմեկնելու պատճառը նույնն է, ինչ որ գլխավոր կապիտուլյանտի պարագայում։

Նրանք արդեն վաղուց դավաճանել ու հանձնել են Արցախը, այդ թվում՝ հոգեբանորեն, և մեր Հայրենիքի այդ մասն իրենց համար այլևս այդպիսին չէ, եթե անգամ ժամանակին եղել է։ Ոչ պակաս կարևոր է նաև Ալիևի առջև պարտավորությունների կատարումը Նիկոլի կողմից։ Հիշենք, թե ինչպես էր զայրույթից մոլեգնում Բաքվի սուլթանիկը, երբ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հունվարին այցելեց Ստեփանակերտ։ Բաքուն անօրինական է համարում Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների ցանկացած այցն Արցախ. ահա և Փաշինյանը չի ցանկանում նյարդայնացնել իր հանցակցին, այլ, ամենայն հավանականությամբ, լիովին համամիտ է նրա հետ տվյալ գնահատականի առումով։

Փոխարենը «dream team»-ի անդամներն այսուհետ իրար առաջ կտրելով սլանալու են օդանավակայան՝ դիմավորելու իրենց գուրու-ստնտուին, ինչպես դա տեղի ունեցավ անցած ուրբաթ օրը, երբ «Զվարթնոցում» պնակալեզության պոռթկումով մի ամբողջ հերթ էր գոյացել երկրի առաջին դեմքերից. փոխվարչապետ, մի քանի նախարարներ, ոստիկանության և Գլխավոր շտաբի ղեկավարներ, Անվտանգության խորհրդի քարտուղար։ Չգիտեմ, կա՞ արդյոք որևէ այլ երկրում նման խայտառակ նորմ, որն անկասկած արմատավորվում է անձամբ Փաշինյանի կողմից. դե, թերևս միայն Հյուսիսային Կորեայում։

Ի դեպ, տարօրինակ էր դիմավորողների շարքում ԱԺ նախագահի բացակայությունը, բայց կարելի է չկասկածել, որ Երևանի օդանավակայանում հաջորդ կրկեսային ներկայացմանը նա նույնպես անպայման «ելույթ» կունենա։ Եվ բոլորով ստորաքարշ խոնարհումով մեջք կծռեն նրա առջև, ով ինքն է պատրաստ խոնարհվել ցանկացածի առջև, այդ թվում՝ թուրքի: Եվ միանգամայն հնարավոր է, որ նա հորինել է ահա այսպիսի «ժողովրդավարական» ավանդույթը, որպեսզի փոխհատուցի սեփական անվերջ խոնարհումներն ու ստորաքարշությունը բոլոր նրանց առջև, ովքեր ապահովում են իրեն փողերով ու իշխանությամբ։