Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

Օգոստոսի 24 -ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, իսկ այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, տեղեկացնում է News.am-ը:

Նախորդ դատական նիստին Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց Սահմանադրական դատարանին` պարզաբանելու իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու հարցը: Բանն այն է, որ օրենսդրությունը սպառիչ պատասխան չի տալիս այն հարցին` արդյո՞ք պատգամավորական անձեռնմխելիությունը կարող է «ինքնաբերաբար» հաղթահարվել, եթե քրեական հետապնդում սկսվել է մինչև պատգամավորի կարգավիճակ ստանալը, կամ գլխավոր դատախազը պարտավոր է հայցել ԱԺ համաձայնությունը:

Նմանատիպ, բայց ոչ նույն իրավիճակը, «Հայաստան» դաշինքի երկու այլ պատգամավորների դեպքում է, նրանց մասով դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի դեպքում օրենքի պահանջը շրջանցվել էր, քանի որ խորհրդարանը դեռ չէր սկսել աշխատանքը, և ԿԸՀ-ն փաստացի ստանձնեց դրա դերը՝ թույլ տալով ձերբակալել պատգամավորներին:

Գևորգյանի դեպքում ստացվում է, որ քրեական հետապնդումն իրոք սկսվել էր մինչև պատգամավորական մանդատը ստանալը և խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար ընտրվելը, սակայն ժողովրդի ընտրյալի կարգավիճակը փոխում է իրավիճակը. դատարանը անընդհատ նիստեր է նշանակում այն նույն ժամանակ, երբ ԱԺ-ն նիստեր է անցկացնում և պահանջում է Գևորգյանի ներկայությունը` «անհարգալից» բացակայության դեպքում սպառնալով պատժամիջոցներով: Այսօր, օրինակ, Գևորգյանը ստիպված կլինի «զոհաբերել» մասնակցությունը կառավարության ծրագրի քննարկմանը` հանուն մասնակցության դատական նիստին: