ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶՈՀԵՐԻ ԳԻՆԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱ՞ՆՑՔՆ Է

Ցանկացած պատերազմ իր գինն է ունենում, որը, որպես կանոն, միշտ վճարում է պարտվողը՝ և՛ բարոյական, և՛ մարդկային, և՛ նյութական, և՛ ֆինանսական, և՛ տարածքային կորուստների տեսքով։ Առաջին արցախյան պատերազմում Ադրբեջանի պարտությունից և անժամկետ հրադադարի ստորագրումից հետո Հայաստանը թշնամուն ոչ տարածքային որևէ զիջում չպարտադրեց։ Զորքերը կանգնեցին իրենց զբաղեցրած դիրքերում, և ազատագրված տարածքների հաշվին Արցախի Հանրապետությունը համեմատաբար անվտանգ կենսագործունեության հնարավորություն ստացավ։

Ադրբեջանը Հայաստանի շրջափակման, խողովակաշարերի և երկաթգծերի պայթեցման թշնամական գործողություններն սկսել էր դեռևս 1989-ին, մի քանի տարի անց՝ 1993-ի ապրիլին, երբ հայկական զինուժն ազատագրեց Քարվաճառը, Հայաստանն արևմուտքից շրջափակեց նաև Թուրքիան՝ փաստացի զրկելով մեզ աշխարհի հետ բնականոն հաղորդակցությունից։ Պատերազմում մեր հաղթանակից հետո հայկական կողմն ապաշրջափակման խոսույթ չբացեց, քանի որ հասկանում էր՝ դրա ուղղակի հետևանքը թշնամու կողմից աքցանի մեջ առնվելն է և թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիոնիզմի տակ կքելը։

44-օրյա պատերազմում մեր պարտության արդյունքներով թշնամին հաջողեց ստանալ նաև պանթուրանական դարավոր երազանքի իրագործումը՝ միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի, հետևաբար՝ Թուրքիայի միջև։ Կարելի է անվերջ բառախաղերով զբաղվել, պնդել, թե խոսքն ընդամենը ճանապարհի մասին է, սակայն ոչ միայն ադրբեջանական և թուրքական, այլև ռուսական կողմից ազդակներ են ստացվում, որ Հայաստանի հարավով անցնելիք ենթակառուցվածքը պետք է վերականգնի Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապը, որը ոչ այլ ինչ է, քան հենց միջանցք։

Ամենաուշագրավն այն է, որ մեր տարածքով թշնամուն հաղորդակցության հնարավորություն տալը Հայաստանի կառավարությունը ներկայացնում է իբրև սեփական ձեռքբերում։ Ալիևն ու Էրդողանը չեն էլ թաքցնում իրենց բերկրանքը թյուրքական աշխարհի կարևորագույն նախագծի իրականացման հարցում, իսլամադավան այլ երկրների հրավիրում են ներդրումներ անելու «Զանգեզուրի միջանցքում», Ալիևն անգամ պնդում է, թե միջանցքն ընդամենը պատրվակ է՝ «Արևմտյան Զանգեզուր» (այսինքն՝ Սյունիքի մարզ) ադրբեջանցիների վերադարձը նախապատրաստելու համար։ Հայկական կողմը, փոխանակ բնի մեջ խեղդելու ազգադավ այս ծրագիրը, մի բան էլ ինքն է հիմնավորում դրա իրականացման անհրաժեշտությունը։

Ստացվում է՝ հազարավոր հայորդիների մահը և մեր հայրենազրկումն այն գինն էր, որը պետք էր վճարել՝ Հայաստանի տարածքով թշնամուն հաղորդակցության ուղի տրամադրելու համա՞ր, ավելին՝ այն ներկայացնել որպես կարևոր ձեռքբերում կամ ավելի լավ ապրելու գրավական։ Ի՞նչ է ասվելու սյունեցիներին, որոնք քնում և արթնանում են ահուսարսափի մեջ՝ հոգեբանական տեռորի պայմաններում, ամեն օր Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելիս՝ տեսնում են թշնամու փողփողացող դրոշները և իրենց կամքից անկախ՝ հայտնվում թշնամուն GPS-ով նվիրաբերած տարածքներում։ Մեղրիում, Սիսիանում կամ մեկ այլ տեղ կառուցվելիք ճանապարհով թուրքերն ու ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անելու, բայց պարզվում է՝ դա հայրենի կառավարության նվաճումն է։

Փաշինյանի երբեմնի քաղաքական հոգեհայրը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր երկրորդ գալուստին՝ 2007-ի սեպտեմբերի 21-ի հայտնի ելույթում, ասել էր բառացիորեն հետևյալը. «Մենք Իրանի հետ ճանապարհ չունենք, Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար, ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն էր: Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այսպես մնանք փակված, կվերածվենք մենատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել, մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլև պետք է մտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին»։

Տեր-Պետրոսյանն այս կանխատեսումն անում էր՝ դա վերագրելով Սերժ Սարգսյանին։ Ո՞վ կմտածեր, որ այդ ցավալի սցենարն իրականություն է դարձնելու մեկը, որն այդ պահին Տեր-Պետրոսյանի թիկունքում կանգնած՝ լայն ժպիտով ծափահարում էր։