Ռուստամյան. Կառավարության այս ծրագիրը նոր կապիտուլյացիայի նախերգանք է

Այս կառավարությունն իր ոճի մեջ մնալով՝ կառավարության նոր ծրագրով մեզ նախապատրաստում է խաղաղության այն դեպքում, երբ թշնամին բացահայտ սպառնում է և պատրաստվում է պատերազմի։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել Արցախի ազատամարտի պայմաններում և հիմա արդեն այս պատերազմից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից, եթե չլիներ արցախյան ազատամարտի մեր հաղթանակը։ Հիմա այդ հաղթանակը ձեր կառավարությունը մսխել է, և հարց է առաջացել՝ ի՞նչ է մնալու Հայաստանի անկախությունից։ Ձեր կառավարությունը Արցախի անկախության և Հայաստանի ինքնիշխանության կապը չի տեսել, ավելին, դուք ձեր հեղափոխության փառաբանման և ձեր առաջնորդի մեծարման նապատակով նսեմացրել եք Արցախյան ազատամարտի հաղթանակը։ Հիմա ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել ժողովրդի կողմից ձեզ փոխանցված ժառանգությունը։ Կառավարության այս ծրագրո՞վ։ Կառավարության ձեր այս ծրագիրը ոչ այլ ինչ է, քան նոր կապիտուլյացիայի նախերգանք, և ընդդիմության խնդիրն է քողազերծել այս հերթական դավադրությունը, որը պատրաստվում է իրականացնել այս նույն կառավարությունը ժողովրդի թիկունքում»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այսօր ունենք փաստացի հրաժարում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը հետապնդելու նպատակից։ Ուրիշ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն, ինչն այս մասով գրված է կառավարության ծրագրում։ «Կարծես ոչ թե Հայաստանի, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ձևակերպումները լինեն, քանզի ըստ այդ ծրագրի՝ ՀՀ-ն շարունակելու է լինել ոչ թե Արցախի Հանրապետության անկախության և անվտանգության կամ նույնիսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը, այլ սոսկ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Այսպես Արցախի ժողովրդի անվտանգությունը տարանջատելով Արցախի կարգավիճակից՝ կորցրեցինք նրա տարածքների 75 տոկոսից ավելի՝ առանց կարգավիճակի հարցը լուծելու։ Ավելին, այս ծրագիրը, հռչակելով Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր, դրա ապահովումը թողնում է Արցախի Պաշտպանության բանակին և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին։ Այս կառավարությունն իր ոճի մեջ մնալով՝ անվտանգային լրջագույն մարտահրավերները միտումնավոր անտեսելով և ժողովրդի զգոնությունը բթացնելով՝ ներկայացված ծրագրով կրկին մեզ նախապատրաստում է խաղաղության այն դեպքում, երբ թշնամին բացահայտ սպառնում է և պատրաստվում է պատերազմի»,- հավելեց նա։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սա խաղաղություն պարտադրելու ծրագիր չէ, որովհետև այս կառավարությունը չի պատրաստվում պատերազմի։ Սա խաղաղություն մուրալու ծրագիր է, որտեղ այս կառավարությունը պատրաստվում է նոր զիջումների։ «Այս ծրագրում խոսվում է պետության որակներից, երբ պետությունը փաստացի չի կատարում սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը։ Խոսվում է մարդու իրավունքների պաշտպանությունից, երբ պետությունն անգամ իր տարածքում չի ապահովում սեփական քաղաքացիների անվտանգությունն ու կյանքի իրավունքը։ Պետական պարտականությունները լիարժեք կատարվում են փաստացի միայն վարչախմբի և նրա հովանավորյալների օգտին։ Պետությունն օրեցօր օտարվելով ժողովրդից՝ վեր է ածվում վարչախմբի ապաստարանի, իսկ ուժային կառույցները՝ վարչապետի թիկնազորի։ Ավելին, մենք ականատեսն ենք ժողովրդի իշխանություն հասկացությունը խեղաթյուրող յուրօրինակ աղանդի ձևավորմանը։ Իշխանության երեք ճյուղերի տարանջատման փոխարեն ունենք փաստացի միաձուլում, արդյունքն անձ-պետություն առաջացումն է, երբ նույն անձը դառնում է միակ օրենսդիրը, միակ գոծադիրը և միակ դատավորը, իսկ ժողովրդից ստացած մանդատը նույնականացնելով ժողովրդի հետ՝ դառնում է նաև ժողովրդին փոխարինող միակ սահմանադիրը։ Սա է իրականությունը, և այս ծրագիրն անգամ չի կարողանում դա թաքցնել», նշեց նա, տեղեկացնում է Lragir.am-ը։