Արշակ Կարապետյան․ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն գնելուց

Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություններ ձեռք բերել։ Դա երկրի քաղաքականությունն է։ «Զինուժ մեդիայի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որը շարունակում է աշխատանքային այցը Ռուսաստան։

Նշենք, որ այսօր նախարարը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները։

«Ունենք լիովին աջակցություն և կարող եմ ասել` չէ՛, բառ չեմ լսել այստեղ։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ»,–ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով սպառազինության թեմային` նա շեշտել է, որ պլանավորում են ունենալ որակյալ և նոր սպառազինություն։ Նրա խոսքով` ավելի լավ է ունանալ քիչ, բայց որակով սպառազինություն` հստակ իմանալով, որ այն գործելու է։

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ Հայաստանը պետք է սեփական զենքի արտադրությունն ունենա։

«Այս հարցում Ռուսաստանից նույնպես ունենք աջակցություն` համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով։ Արագ դա անելու ենք։ Բացի այդ, չպետք է թույլ տանք, որ պաշտպանության նախարարության և արտադրող ձեռնարկությունների մեջ միջնորդներ լինեն»,–ասաց նախարարը։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս ամենի արդյունքում անպայման նոր արդիականացված բանակ ենք ունենալու և կարողանալու ենք դիմակայել առկա մարտահրավերներին։

Հավելենք, որ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «ԱրՄի 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը:

Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է Sputnik Armenia։