ՀԱՆՑԱՎՈՐ ԵՆ Ե՛Վ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, Ե՛Վ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական 50 կամ ավելի զինծառայողներ 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը Դավիթ-Բեկ գյուղի շրջանում և հրաժարվում են բացել: Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե ինչ պետք է անել ու հրատապ անել. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է, և վե՛րջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:
Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել: Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- նշել է Թաթոյանը, ինչպես հաղորդում Է News.am-ը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որը Հայաստանի համար խայտառակ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, հայ-ադրբեջանական սահմանի խորհրդային տարբերակի վերականգնման զառանցանքի շրջանակներում, պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմին։ Դա այն ճանապարհահատվածն է, որի մասին ԱԱԾ-ն քաղաքացիներին ասում էր. եթե հանկարծ գերի ընկնեք, զանգեք մեզ։
Այո, Արման Թաթոյանն, անշուշտ, իրավացի է՝ պնդելով, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները հանցագործություն են քաղաքացիական բնակչության դեմ, որ ընդհանրապես նրանց ներկայությունը միջպետական ճանապարհին խախտում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Բայց առանձնակի կարևոր են նրա բազմաթիվ նախազգուշացումները վտանգի մասին և կոչերը ՝ շտապ քայլեր ձեռնարկելու հայկական պետության կողմից։
Այսօր կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունների հետ մեկտեղ՝ մենք գործ ունենք այդ հարցում հայկական իշխանության հանցավոր անգործության հետ: Գրեթե 9 ամիս է անցել այն օրից, երբ հայկական ճանապարհի այդ հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ 9 ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունը շարունակ հանրության ու ընդդիմախոսների աչքն է խոթել իր նվաճումները ճանապարհաշինության ոլորտում։ Միայն անցած՝ ճգնաժամային, պատերազմական ու կովիդային տարում, ըստ իշխանության վարկածի, կառուցվել կամ հիմնանորոգվել է համայնքային և միջպետական նշանակության ավելի քան 550 կմ ճանապարհ։ Ստացվում է, որ բավականացրել են և՛ ժամանակը, և՛ ռեսուրսները ճանապարհային շինարարության ոլորտում նման արդյունք ստանալու համար։
Եվ ահա այդ խորապատկերին պարզվում է, որ նույն այդ իշխանությանը չեն բավականացրել ո՛չ ժամանակը (9 ամիս), ո՛չ էլ ռեսուրսները՝ միայն մեկ, բայց թերևս ամենաանհրաժեշտ ճանապարհը կառուցելու համար, այլընտրանքն այն ճանապարհի, որը զիջել են թշնամուն։ Սա հերթական, պերճախոս օրինակն է, որ իշխանությունները թքած ունեն համաքաղաքացիների անվտանգության վրա, և կառավարության հանցավոր անգործության ապացուցույցը։ Կրկնեմ. այն ժամանակից ի վեր, երբ ադրբեջանցիներին հանձնվեց հայկական միջպետական ճանապարհի մի մասը, կարելի էր կառուցել մի քանի շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհներ։
Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կառավարությունը խորհրդարանում պաշտպանում է առաջիկա հնգամյակի իր ծրագրերը։ Իշխանության ներկայացուցիչները սաստիկ նեղանում են, երբ քննադատություն է հնչում կառավարության ներկայացրած ծրագրի ու դրա հեղինակների հասցեին։ Մինչդեռ հետաքրքիր է, թե ինչպիսի՞ պահվածք կցուցաբերեին նրանք՝ հայտնվելով Հայաստանի այն քաղաքացիների շարքում, որոնց ադրբեջանցի զինվորականները պատանդ են վերցրել այն ճանապարհին, որին այլընտրանք առ այսօր չկա՝ կառավարության կանխամտածված կամ թեկուզ անգամ ոչ միտումնավոր անգործության պատճառով։