ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԵՎՍ ՍԿՍՎԵՑ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՉԴԻՄԱԴՐԵԼՈՒ ԿՈՉԵՐՈՎ
Թուրքերին թշնամի չհամարելու, նրանց հետ հաշտ ու հնազանդ ապրելու՝ պետականորեն հնչող կոչերը հաճախ հիշեցնում են 1915-ի մարտին Կիլիկիայում տեղի ունեցած իրադարձությունները։ Ընդունված է Հայոց մեծ Եղեռնի սկիզբ համարել 1915-ի ապրիլի 24-ը, սակայն դրանից մեկ ամիս առաջ Միջերկրական ծովի ափին ապաստանած հայությունը երիտթուրքական շողոմ խոսքերի առաջին զոհն էր։
Կիլիկայում հայկական վերջին թագավորությունը վերացել էր մոտ հինգուկես դար առաջ՝ 1375-ին, ասել է թե՝ պետականության ավանդույթը վաղուց բացակայում էր հայկական մտավոր վերնախավի շրջանում, բայց կիլիկիացները մեկ անգամ չէ, որ ապացուցել էին՝ թուրքական բռնակալության դեմ ազգային-ազատագրական պայքարում առաջամարտիկ են, և այս անգամ էլ կարող էին կռիվ տալ մինչև վերջին շունչը։
1915-ին ավելի քան 200 հազար հայ էր ապրում Կիլիկիայում, և այդ լեռնաստանը, հատկապես Զեյթուն արծվաբույնը, մի քանի անգամ լավ դաս էր տվել սուլթանական զորքին նախ 1862-ին, ապա 1895-96-ին։ Զեյթունը վաղուց էր դարձել թուրքական կառավարության աչքի փուշը, և երբ 1914-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը, Օսմանյան կայսրությունը առիթ էր որոնում նախևառաջ Կիլիկիայի հայությանը տեղահանելու և բնաջնջելու։
Բայց կիլիկիացիների անձնվեր պայքարին խանգարեցին հայ երևելիները և Կիլիկիո հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանը, որն իր հեղինակությունը բանեցնելով՝ հայերին կոչ էր անում չդիմադրել թուրքերին՝ ասելով. «Որքան հնազանդ ըլլաք, այդքան լավ»։ Թուրքերի խոստումներին խաբված հայերին պայքարից զերծ էր պահում նաև Գերմանիայի հյուպատոսը, և արդյունքում թուրքական կառավարությունը տեղահանեց հարյուր հազարավոր կիլիկիացիներին։
Մինչդեռ Կիլիկիան ո՛չ պատերազմական գոտի էր, ո՛չ էլ այնտեղ երիտթուրքերի դեմ որևէ ապստամբություն էր տեղի ունեցել։ Այսօր Կիլիկայում, ինչպես և ամբողջ Թուրքիայում, միայն մեկ հայկական գյուղ կա՝ Վագըֆը՝ պատմական Մուսալեռը։ Հայերի դարավոր օրրաներից մեկը, ավելի քան մեկ դար լիովին հայազուրկ, ընդամենը ողբերգական հիշողության կրողն է, ոչ ավելին։
Եթե դառնանք արևմտահայության կոտորածին, պիտի հիշենք հայտնի փաստը՝ նզովյալ հայ դավաճան Վահե Իհսանի կողմից թուրքական ոստիկանությանը երևելի հայ մտավորականների ցուցակը հանձնելը և նրանց զանգվածային ձերբակալությունը ապրիլի 24-ին։ Այդ ովքե՞ր են այսօր թշնամուն անարյուն հանձնում նորանոր հայկական հողակտորներ, ադրբեջանցի դատապարտված հանցագործների, ականապատ տարածքների քարտեզներ, գյուղեր ու արոտավայրեր, ճանապարհներ ու բլրակներ, փոխարենը՝ ստանում միայն սպառնալիքներ ու շանտաժ։
Ի տարբերություն 1915-ի՝ Հայաստանն այսօր նոմինալ պետաիշխանություն ունի, այսինքն՝ իր կազմից ընտրել է մարդկանց, որոնք պետք է զբաղվեն ժողովրդի անվտանգության խնդիրների լուծմամբ։ Ո՞րն է այդ լուծումը, հերթական անգամ թուրքական խոստումներին հավատալն ու դրանց խաբվե՞լը։
Խոսույթը պարզունակացնող այն անձինք և ուժերը, որոնք պնդում են, թե թուրքերն արդեն քաղաքակրթվել են և յաթաղաններով հայերին չեն մորթելու, չե՞ն տեսել Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուներից մեկի՝ Էնվերի շարունակական վկայակոչումները Բաքվի զորահանդեսում, չե՞ն լսել նրա խոսքն այն մասին, որ հայերն այլևս երբեք չպետք է փորձեն «ուրիշի տարածք մտնել, այլապես վերջնականապես կզղջան», թե՞ կարծում են, որ Արցախի հանձնմամբ Թուրքիան երկարաժամկետ բարեկամություն է հաստատելու հայերի հետ։
Մեր հավաքական հիշողությունը կբավի՞ հասկանալու, թե ինչ է լինում թուրքական խոստումներին ամեն անգամ հավատալուց հետո։ 19-րդ դարի վերջին քառորդից սկսած՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, էրդողանական բոլոր կառավարությունները բացեիբաց արտահայտել են իրենց ցանկությունը, ավելին՝ պատկերել են Հայկական լեռնաշխարհի քարտեզը, որում Հայաստան չկա։ Եթե սրան ի հակադրություն՝ հայկական պետությունը դադարում է Թուրքիան իբրև թշնամի դիտարկել, ուրեմն հայոց պետության վերջնական կազմալուծման օրը ևս հեռու չէ։