Հայաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցաձևում
Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը:
Երկրորդ տեղում Բելառուսն է: Ղազախստանի զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ երկու մրցափուլով է անցկացվել ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:
«Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում լավագույնն է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ երկրորդ օրը տղամարդիկ ուժերն են չափել նաև ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները, վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը, ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
Տղամարդկանց անհատական հաշվարկով նույնպես լավագույն արդյունք ունի ՀՀ զինված ուժերի թիմի մասնակիցը՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: