«Ժողովուրդ»․ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱ՞ՆՆ Է ՀԱՐՎԱԾԵԼ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՉՔԻՆ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀՔԾ-ՈՒՄ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը օգոստոսի 25–ի միջադեպերի առնչությամբ ՀՔԾ–ում հարցաքննության ժամանակ տվել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ավելին՝ այլ ՔՊ-ական պատգամավորների անուններ ևս տրվել են, և նշվել է, թե նրանք ինչ են արել: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։

Նազարյանը պատմել է, որ մտել է նիստերի դահլիճ, առաջին պատկերը, որ տեսել է, եղել է հետևյալը. բորենիների նման չորս-հինգ ՔՊ-ական ընկած են եղել Արթուր Ղազինյանի վրա և հարվածել են նրա գլխին և մարմնի տարբեր մասերին: Հարվածել են այնպես, կարծես հենց նոր իրենց ձեռքն են ընկել Ալիևն ու Էրդողանը:

«Ակնհայտ էր, որ «պարագլխից» ունեին հրահանգ փոքր խմբերով հարձակվել նախապես որոշված թիրախների վրա: Նազարյանը նշել է, որ նրանց մեջ է եղել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծել է՝ հիշում է՝ Արսեն Թորոսյանը բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում և աքացիներ տալիս»,–գրում է թերթը։

Օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն:

«Հայաստան» խմբակցության հարցաքննված պագամավորները քննիչին ասել են, որ եղել է խմբակային խուլիգանություն, կան տեսաձայնագրություններ, թող նայեն և տեսնեն, թե ով ում ինչպես է հարվածում:

Sputnik Armenia