ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ՄԵ՞ԼԸ, ԹԵ՞ ԱՎԵՐՎԱԾ ՂԱԶԱՆՉԵՑՈՑՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Արցախի զավթված շրջաններ Ալիևի պարբերական այցերի ֆոնին՝ հայաստանյան իշխանության պաթոլոգիկ վախը՝ այցելելու Ստեփանակերտ, գնալով ավելի ցցուն է դառնում։ Սեպտեմբերի 2-ն Արցախի հանրապետության օրն է, սեպտեմբերի 27-ը՝ պատերազմի առաջին տարելիցը, բայց նույնիսկ այս ամսաթվերը չեն ստիպի Փաշինյանին անձնապես ներկա լինելու հիշատակման արարողություններին։

Իսկ Ալիեվն օրեր առաջ Վարանդայի նորակառույց օդանավակայանով էր հիանում, անվանում էր այն Արցախի օդային դարպաս։ Ուշագրավ է, որ կառուցումից տասը տարի անց Ստեփանակերտի օդանավակայանն այդպես էլ ինքնաթիռների համար չշահագործվեց, իսկ ահա Վարանդայի օդանավակայանը՝ հայկական վերահսկողության ներքո մնացած Մարտունու շրջանի անմիջական հարևանությամբ, գործելու է։

Մեծ արագությամբ սեփական, թուրքական, իտալական, իսրայելյան և այլ երկրների ներդրողների ներգրավելով և ենթակառուցվածքներ կառուցելով՝ թշնամին զավթված տարածքներում զուգահեռաբար ոչնչացնում է բոլոր հայկական հետքերը՝ սկսած եկեղեցիներից, վանքերից ու հուշարձաններից, վերջացրած, օրինակ, Շուշիում հայկական բնակելի տներով։

Դե իսկ Հայաստանի վարչապետը կառավարության նիստերում և խորհրդարանի ամբիոնից Ադրբեջանի հետ բարիդրացիության մասին է խոսում, ոչ թե այդ երկրի կողմից հայկական ժառանգության հետևողական բնաջնջման։ Նույն հաջողությամբ օրեր առաջ նա հերթական անգամ հրաժարվեց Շուշին և Հադրութը հայկական քաղաքներ կոչելուց՝ պնդելով, թե այդկերպ կսրի լարվածությունը տարածաշրջանում։ Միգուցե իրավիճակի լիցքաթափման պարզագույն քայլը նաև Զանգեզուրը, Սևանն ու Երևա՞նը ոչ հայկական հայտարարելն է, դա էլ հո վերջնականապես կթոթափի Ադրբեջանի կողմից առկա լարվածությունը։

Ամիսներ առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Արցախի քրիստոնեական ժառանգության պահպանումն իր անձնական հոգածության ներքո է։ Ցավոք, Մոսկվան հետևողական չեղավ Արցախի զավթված տարածքներում հայկական քրիստոնեական կոթողների պահպանության հարցում, Շուշիի, Ջրականի, Հադրութի և օկուպացված այլ տարածքների վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ և այլ արժեքավոր նմուշներ դաժանաբար ոչնչացվեցին։

Թերևս, նույն ճակատագիրն սպասում է նաև ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած հայկական բոլոր քրիստոնեական հուշարձաններին։ Լավագույն դեպքում դրանք կաղվանացվեն, վատագույն դեպքում՝ կոչնչացվեն։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը և քաղաքական մեծամասնությունն իրենց բողոքը կամ վրդովմունքը չեն հայտնի Արցախի զավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցում։ Անցած տարեվերջին Սիսիանում նրա ասած խոսքը՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է», ի թիվս այլ կորուստների՝ ենթադրում էր նաև փաստացի համաձայնություն քրիստոնեական ժառանգությունն աղվանացնելու կամ ոչնչացնելու թշնամական գործելակերպին։

Մեր հնամենի վանքերն ու եկեղեցիները, Արցախի վաղքրիստոնեական կոթողները հո տրանսգենդեր Մել Դալուզյանը չե՞ն, որ Փաշինյանի անձնական պաշտպանության ներքո լինեն։ Տարիներ առաջ նա խորհրդարանի ամբիոնից ասում էր՝ «Մելն իմ անձնական պաշտպանության ներքո է»։ Վարչապետի արժեքային համակարգում, փաստորեն, այդ անձն ավելի բարձր տեղում է և ավելի արժանի հրապարակային պաշտպանության, քան հայկական վտանգված ժառանգությունն Արցախում։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում ադրբեջանցիներն օկուպացված արցախյան տարածքներում վստահաբար հայերի համար զբոսաշրջային ուղևորություններ են կազմակերպելու, այնպես, ինչպես այսօր թուրքերն են անում մեր կորուսյալ հայրենիքում։ Եվ վստահաբար գտնվելու են մեր շատ հայրենակիցներ, որոնք իրենց գիտակցական կյանքում հնարավորություն ունեցած լինելով Արցախ այցելելու՝ չեն եղել այնտեղ, բայց շուտով զավթված Շուշի կգնան և կհիանան իրենց պապերի ժառանգությամբ, եթե, իհարկե, մինչ այդ այնտեղ որևէ հայկական հետք մնացած լինի։