Գեղամ Գևորգյան․ Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են
Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել նաև բենզինի և նավթամթերքի շուկայում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է շուկաներում մրցակցության պաշտպանությամբ և ոչ թե գների կարգավորման հարցով, ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ, մնացած դեպքերում շուկան ինքն է որոշում գինը»,-ասաց նա։
Գեղամ Գևորգյանը հիշեցրեց, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են ուսումնասիրություններ ձեթի, ձվի գների բարձրացումների հետ կապված։
«Վարույթի արդյունքները հրապարակվել են․ ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց, որ ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխանատվության ենթարկեցինք ձվի գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ձվի հետ կապված 2-րդ պատասխանատվության միջոցն ենք կիրառել»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ միայն բենզինի շուկայի դեպքում դեռ ոչինչ չեն հրապարակել, որովհետև ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, Գեղամ Գևորգյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա, ՏՄՊՊՀ -ն լոլիկի շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, կամ վարունգի շուկայում»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։