Այսօր Ստեփանակերտում բացվում է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը
«ՀՅԴ» Հայ Դատի գրասենյակը հայտարարություն է տարածել Արցախի անկախության 30-ամյակի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
«1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին համապատասխան հռչակեց իր անկախությունը: 1988-ին սկզբնավորված ազգային շարժումը թևակոխեց նոր հանգրվան։ Հայ ժողովրդի միացյալ ջանքերով, արյամբ և զոհողություններով կերտվեց արցախյան հաղթական ազատամարտը։ Արցախի ժողովուրդը վճռեց անդառնալիորեն թոթափել ադրբեջանական լուծը, ջնջել ստալինյան պարտադրված արհեստական սահմանները ու հայտարարել, որ անկախության ճամփով Արցախը վերամիավորվելու է Մայր Հայաստանի հետ:
2020 թ. սեպտեմբերին հրահրված 44-օրյա պատրերազմը ծանր հարված էր հայությանը. մեր նորագույն պատմության ճակատագրական և բախտորոշ շրջափուլում ենք այսօր։ Ազգովին կանգնած ենք ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առջև։ Թե Հայաստանում, թե Արցախում վտանգված է մեր պետական ինքնիշխանությունը, խոցված է մեր ազգային արժանապատվությունը։
Սակայն, Դաշնակցությունը համոզված է, որ Արցախին բաժին ընկած այս վերջին պատուհասը ժամանակավոր պարտություն է. արցախահայությունը, և հայ ժողովուրդը առհասարակ, ունեն բավարար կամք և ներուժ աշխատելու, որ վերականգնվի Արցախը և իրականանա Հայաստանի հետ միավորվելու նրա վերջնական տեսլականը:
Անկախության հռչակումից 30 տարի անց, առավել քան երբևէ, Արցախը մեր բոլորի աջակցության և զորակցության կարիքն ունի։ ՀՅ Դաշնակցության մարմինները, Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը, իրենց հանձնառությանը հավատարիմ, ողջ կարողականությամբ հետամուտ են լինելու Արցախի Հանրապետության ինքնուրույնության կարգավիճակի ամրագրման, տարածքային ամբողջականության վերականգնման, անվտանգային միջավայրի ապահովման և ընկերատնտեսական զարգացման հարցերին։
Ուրախությամբ հայտարարում ենք նաև, որ այսօր, Ստեփանակերտում, բացվում է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը, որը միանում է Բյուրոյի անմիջական վերահսկողության ներքո գործող կենտրոնական գրասենյակների ցանցին:
Արցախը եղել և մնում է մեր ինքնության, միասնության և ազգային վերելքի խորհրդանիշն ու մեր լինելիության ու ամբողջական Հայաստանի կերտման գրավականը։
Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին իր անկախութեան 30-ամյակի առթիվ և հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում՝ ի շահ Արցախի ինքնորոշման, ուժեղ պետականության վերահաստատման ու ազատության»։
News.am