Փորձագետ․ Գորիս-Կապան ճանապարհի խնդրի հարցով կարելի է Հայաստան-Իրան-Ռուսաստան ձևաչափ ստեղծել

Գորիս-Կապան ճանապարհի խնդրի հարցով կարելի է Հայաստան-Իրան-Ռուսաստան ձևաչափ ստեղծել։ Այդ խնդրով հետաքրքրված է Ռուսաստանը, որը փաստացի հսկում է այդ ճանապարհը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշեց, որ այդ հարցով հետաքրքրված է նաև ԵՄ-ն, որը ցանկանում է, որպեսզի ձևավորվի Սև ծովը Պարսցի ծոցի հետ կապող նախագիծը։ Պատահական չէ, որ ավելի վաղ տրամադրված գումարը (2,6 մլրդ եվրո,-խմբ) հատկացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության համար։

«Կա շատ կարևոր հանգամանք։ Անկասկած, Իրանին մտահոգում է այդ ճանապարհին ստեղծված իրավիճակը, սակայն իրանցիները տրամաբանական մոտեցում են ցուցաբերում եթե Հայաստանին չի մտահոգում, ապա ինչո՞ւ պետք է մտահոգի Իրանին։ Այլ հարց է, եթե մենք այդ հարցով սկսենք զբաղվել, ատամ ցույց տանք թշնամուն, ապա, անկասկած, կգտնվեն դաշնակիցներ։ Սակայն երբ Երևանը պաշտպանական մակարդակով լռում է, հասկանալի է, որ մեր դաշնակիցներն ու բարեկամական երկրները չեն ընդունի և չեն հասկանա այդ մոտեցումը։ Եթե հարցին գլոբալ նայենք, ապա այդ ճանապարհն ունի կարևոր նշանակություն իրանցիների համար։ Այն կապում է ոչ միայն Երևանին և Թեհրանին, այլ Իրանի տարածքը ԵՏՄ տարածքի հետ, և այդ առումով խնդիրը դուրս է գալիս հայ-իրանական օրակարգից և անցնում Իրան-ԵՏՄ մակարդակ։ Այդ պատճառով դա որոշ չափով եռակողմ խնդիր է։ Օրինակ, Իրանում փորձագիտական շրջանակը զարմացած է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հաղթանակ տարավ ընտրություններում։ Նրանք զարմացած են, որ այդ ամենից հետո հասարակությունը նրա օգտին քվեարկեց։ Երբ հարց է հնչում, թե ինչու չի գործում Գորիս-Կապան ճանապարհը, պոպուլիստական փաստարկներ են բերվում կա գրունտային, սակայն այլընտրանքային ճանապարհ։ Իսկ եթե պատկերացնենք վատագույն սցենար՝ այդ ճանապարհի լրիվ փակում։ Այսինքն՝ մենք կունենանք գրունտային այլընտրանքային ճանապարհ, որը Սյունիքը կկապի Հայաստանի մնացած մասի հետ, իսկ Հայաստանը՝ Իրանի հետ։ Այդ ճանապարհը բարդ ռելիեֆ ունի։ Այդ ամենը պետք է հաշվի առնելով և առաջ տանել Հայաստանի շահերը»,-ասաց Ոսկանյանը։