ԶՈՀԵՐԻ ԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՂՃԻ ՓՈՐՁԱՔԱՐ
Ի թիվս կառավարության շենքի առջև պարբերաբար տարբեր սոցիալ-տնտեսական դժգոհություններ հայտնող խմբերի՝ ցուցարարների կայուն մի խումբ կա, որը վերջին տասն ամսում անհուսությունից թակել է գրեթե բոլոր պատկան գերատեսչությունների դռները՝ կառավարությունից և ԱԺ-ից մինչև ՊՆ և ԱԱԾ։ Խոսքն անհետ կորածների և գերիների բարեկամների մասին է։ Օրեր առաջ էլ կառավարության առջև բողոքի ցույց էին անում Եռաբլուրում պղծված գերեզմանում ննջող հերոս Նարեկ Գևորգյանի հարազատները։
Եթե այլեվայլ դժգոհություններ ունեցող քաղաքացիներին կարելի է մոլորեցնել և տուն ճանապարհել, սուտ խոստումներ շռայլել և սպասեցնել, այս դեպքում, թվում է, իշխանությունը պետք է կարմիր գծեր ունենար և անհետ կորածների, գերիների և զոհերի բարեկամների, վիրավոր զինծառայողների և նրանց հարազատների մտահոգություններն ու խնդիրները համարեր առաջնահերթ։ Բայց ոչ, կառավարության շենքի առջև բավական հաճախ կարելի է տեսնել անհետ կորածների՝ նստացույց անող բարեկամների, որոնց պահանջներին իշխանությունն այդպես էլ ականջալուր չի լինում։
Ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական այցով Վայոց ձորում էր, պատերազմից ի վեր նրան առաջին անգամ թույլ չտվին մոտենալ զոհվածի գերեզմանին։ Վրդովված քաղաքացին ասում էր, որ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել անհետ կորած իր եղբոր աճյունը գտնելու հարցում, ավելին՝ խանգարել է, հետևաբար՝ վարչապետն իրավունք չունի ծաղիկ դնելու իր եղբոր շիրմաքարին։ Ոչինչ չասելով՝ Փաշինյանը լուռ ու գլխիկոր հեռացավ։
Այս իրավիճակն, իհարկե, խայտառակ ու ամոթալի կլիներ աշխարհի որևէ պետության առաջնորդի համար, սակայն, փաստորեն, ոչ Հայաստանի վարչապետի։ Հետպատերազմյան շրջափուլը վերջնականապես ապացուցեց, որ նա չունի մեղքի կամ ամոթի զգացում, մարդկային այդ զգացումները խորթ են նրան։ Ինչպե՞ս կարող է մեղքի զգացում ունեցող ղեկավարը հոխորտալ, թե՝ ի՞նչ են ուզում իրենից, մի քանի անգամ ներողություն է խնդրել պարտության համար։
Կարիք կա՞ բազմազավակ հորը բացատրելու, որ մարդկային, հատկապես զավակի կորուստն անդառնալի է և ոչնչով չվերականգնվող, ցավն էլ չի ամոքվելու, և այս հուզական գերլարված վիճակում նա ընկրկում է նույնիսկ ներողություն խնդրելու պարտավորությունից, էլ չասած՝ պատասխանատվություն ստանձնելուց։
Ցավալի է, որ գերիների, անհետ կորածների և զոհերի հարազատների, վիրավոր զինծառայողների և կամավորականների, նրանց ընտանիքների ձայնը քիչ լսելի է, երբ հանրային գործիչներն ու քաղաքական ուժերը պատերազմի հետևանքների հարցում հաշիվ են պահանջում իշխանությունից։ Որպես կանոն, պարտությունից հետո իշխանությանը հիմնականում հաջողվեց տարբեր մանիպուլյացիաներով մոլորեցնել նրանց, համոզել, թե իբր ընդդիմության հավաքներն են խոչընդոտում գերիների տունդարձին, և այդ պնդումը երկրորդում էին նույնիսկ որոշ գերիների բարեկամներ։
Հասկանալի է, որ քաղաքական բոլոր ուժերից տոտալ հոգնածություն և հիասթափություն կա, որևէ մեկը չի ուզում ասոցացվել այս կամ այն կուսակցության կամ առաջնորդի հետ, բայց միաժամանակ անհերքելի է նաև, որ այս ընթացքում իշխանությունը վերջնականապես ցույց տվեց գերիներին տուն դարձնելու հարցում իր կատարյալ ապիկարությունը, նրանց անգամ նախընտրական մարաթոնում օգտագործեց՝ հռչակելով, թե նրանք Բաքվի բանտերում պայքարում են մեր անկախության համար։
Սակայն ամենաամոթալի, նվաստացուցիչ պատկերը, որին մի քանի անգամ ականատես եղանք անցած ամիսներին, զոհվածների մայրերի հետ պարտության մեղավորի գրկախառնությունն էր, այն շողոմ խոսքերը, որոնք վարչապետը հնչեցնում էր նրանց հասցեին, համբուրում որդեկորույս մայրերի ձեռքերը։ Նրանցից մի քանիսը վարչապետին հորդորում էին լինել իրենց կողքին և չդավաճանել իրենց, և եթե անգամ այդ տեսարանները բեմադրված էին, միևնույն է՝ խիստ հակաբնական էին։
Սարսափելի է գիտակցելը, թե ի՞նչը կարող է դրդել մինուճար որդուն կորցրած մորը գրկախառնվել պարտության խորհրդանիշի հետ։ Ի՞նչը կարող է զոհված զինծառայողի այրուն ստիպել իր միակ մանկահասակ երեխային վստահել վարչապետի տիկնոջը՝ նրա ժպիտով լուսանկարներից հերթականն ապահովելու համար։