Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԵԹԵ ԱՆԳԱՄ ՈՐՈՇ ԹՎՈՎ ԳԵՐԻՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ, ԱՊԱ ԴԱ ԱՐՎԵԼ Է ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԲԱՆԻ ԴԻՄԱՑ՝ ՈՉ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները, մեծ հաշվով, իրականացվում են։ Այլ հարց է՝ կողմերից որն է առավել արագ և ճշգրիտ կատարում դրանք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի՝ այսօր հայտնած այն մտքին, որ ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։

Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից սահմանային սադրանքները հատուկ նպատակ ունեն արագացնելու այդ պայմանավորվածությունների իրականացումը։

«Ադրբեջանն ամեն կերպ հասկացնում է Հայաստանին, որ գործընթացները պետք է արագացնել, հակառակ դեպքում, ուժային խնդիրներ կծագեն և զոհեր կլինեն։ Մյուս կողմից, համապատասխան մթնոլորտ է ձևավորվում, երբ այս կամ այն գյուղի հանձնումը թշնամուն կարող է նույնիսկ հասարակական օժանդակություն ստանալ, քանի որ մարդիկ կարող են ասել՝ «Նախկինում քարտեզով Ադրբեջանին պատկանած հողի համար արժե՞ զոհեր տալ»»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հակառակորդ երկիրը մեկ պարտավորություն ունի՝ հայ ռազմագերիների վերադարձը, որը, սակայն, չի կատարում։

«Ադրբեջանն այդ հարցը մինչև հիմա չի լուծել, մինչդեռ, Հայաստանը ժամ առաջ լուծում է իր առջև դրված խնդիրների ճնշող մեծամասնությունը՝ զուգահեռ զրկվելով բանակցային ռեսուրսներից։ Եթե անգամ որոշ թվով գերիներ վերադարձվել են, ապա դա արվել է այս կամ այն բանի դիմաց՝ ոչ փաստաթղթով նախատեսվածի շրջանակներում։ Ասվածի վառ օրինակը Աղդամի ականապատ տարածքների քարտեզների հանձնումն էր Ադրբեջանին»,- ասաց Հակոբյանը։

Aysor.am