Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ

Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է Sputnik Armenia։

Հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին Չարչյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» ԲԿ և հենց նույն օրը սուր ինֆարկտ է տարել։

«Հայաստան» դաշինքի անդամները «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են ի նշան բողոքի։ Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ կարծես նպատակ է դրված Չարչյանի առողջությունն ու կյանքը վտանգի տակ դնելու։

«Այս իրավիճակներում պետք է մարդասեր լինել. նպատակը ո՞րն է` մարդու առողջական վիճակը քայքայե՞լը։ Ես որքան գիտեմ` բժիշկները բավարար չեն համարել Չարչյանի առողջական վիճակը, որպեսզի նրան ՔԿՀ տեղափոխեն»,–ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը նշեց, որ ՀՀ–ում գործող դեսպանատներն էլ տարօրինակ ձևով լռում են` մարդու իրավունքների ոտնահարումը չնկատելով։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ արդեն իսկ ՔԿՀ վարչակազմին են դիմել և խնդրել, որպեսզի նրանք էլ դիմեն բժշկական հանձնաժողովին և Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն ստանան։

«Դա ստանալուց հետո ՔԿՀ–ն պետք է դիմի դատարան և հայտնի, որ կալանքն անհամատեղելի է հիվանդության հետ, և դատարանը պետք է նիստ անի ու որոշում կայացնի»,–ասաց Ալեքսանյանը։

Չարչյանի փաստաբանական թիմը քիչ անց կմտնի ՔԿՀ` պրոֆեսորին տեսակցելու, որից հետո խոստացել են մանրամասներ հայտնել։

Նա հիշեցրեց, որ արդեն ներկայացրել են միջնորդություն` Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով հրատապ նիստ հրավիրելու համար։ Սակայն մինչ այս պահը դատարանից լուր չունեն։

Նշենք, որ Չարչյանի գործով հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 1-ին է նշանակված։

Հավելենք, որ Չարչյանի մոտ ախտորոշվել է զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։ Բացի այդ, նա օգոստոսի 24-ին սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։