ԵՄ-ն աջակցում է չրարտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագիրը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին շրջայցի Արմավիրի մարզի «Լուկաշին» չրարտադրական կոոպերատիվի տարածքում, տեղեկացնում է News.am։

Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ չորացրած մրգերի և բանջարեղենի, խոտաբույսերի ու թեյերի, ինչպես նաև պահածոների արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններին։ Ծրագիրն աջակցում է արտահանող և արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին արտադրության ողջ ընթացքում՝ օգնելով նրանց ստեղծել միջազգային և ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան հավելյալ արժեքով ապրանքներ և կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ:

Արդեն 3 տարի գործող ծրագրի շրջանակում աջակցությունը ներառում է խորհրդատվություն, ուսուցում, փորձի փոխանակում, մասնակցություն միջազգային ցուցահանդեսների, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ գիտելիքներ ստանալ Հայաստանում արտադրվող արտադրանքի որակի բարձրացման համար, որը կարող է մրցունակ լինել Եվրոպայում։

Հատուկ տեղ են զբաղեցնում ցուցահանդեսները։ Նման ցուցահանդես է կայացել, օրինակ, Ֆրանսիայում, իսկ շուտով նաև Գերմանիայում՝ Քյոլնում։

Շատ կարևոր է, որ Հայաստանից միջազգային շուկա արտահանվի օրգանական մթերք, ինչն էլի ավելի կամրապնդի արտադրողների դիրքերն ու կօգնի երկարաժամկետ համագործակցություն հարթել։

«Լուկաշին» չրարտադրական կոոպերատիվի տնօրեն Վարդգես Դավթյանի խոսքով՝՝ հիմնական խնդիրները կապված են լոգիստիկայի հետ։ Արտահանման հիմնական խնդիրը սեփական ավիափոխադրող չլինելու պատճառով գնային փոփոխություններն են: «Իսկ մեր արտասահմանյան գործընկերների հետ, երբ գին ենք պայմանավորվում՝ փոփոխության ենթակա չէ»,-ասում է Դավթյանը։

Այժմ արտադրանքը հիմնականում արտահանվում է ՌԴ, ընդլայնվում է նաև եվրոպական շուկան, այդ թվում՝ բրիտանականը։