ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄ՝ ՊԱՏԺԻՉ ՋՈԿԱՏՆԵՐՈՎ ԵՎ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՄԲ

Մեր երկրի ուժային կառույցների նպատակային օգտագործման հարցում կամայականության մասշտաբները պատկերացնելու համար հարկ է երկու զուգահեռ իրողություն համադրել։ Առաջինը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ թշնամու առջև ամբողջովին բաց մնացած տասնյակ գյուղական համայնքներն ու ճանապարհներն են, երկրորդը՝ Ազգային ժողովի՝ որպես «սրբազան դռան» պահպանությունը, հատկապես երբ այնտեղ է ժամանում վարչապետը։

Սփյուռքահայ մեր այն հայրենակիցները, որոնք ուզում են իրապես պատկերացում կազմել, թե ինչ մարտահրավերի առջև են այսօր սյունեցիներն ու գեղարքունիքցիները, կարող են մի իրավիճակ մոդելավորել։ Ասենք, պատկերացնեն, թե իրենց պայմանական 50 քմ-անոց բնակարանի մուտքի դուռը և 10 քմ-անոց նախասրահը, առանց իրենց համաձայնության և անգամ գիտության, անհատույց և անվերադարձ տրվում են թշնամուն։

Թշնամին գալիս ու հաստատվում է այդտեղ և ամեն օր ու ամեն ժամ սպառնում մորթել տանտիրոջը, իսկ հետո այդ դավադիր գործարքի հեղինակը փորձում է մուտք գործել տանտիրոջ տուն և արժանանալ նրա բարեհաճ ընդունելությանը։ Վարչական ռեսուրսի, ահաբեկումների, շինծու քրգործերի, զորքի ուղղորդված քվեարկության արդյունքում Փաշինյանին հաջողվեց Սյունիքում, թեև ամենացածր տոկոսներով, հաղթել, բայց ի՞նչ արժե այդ արյունոտ հաղթանակը։

Սեփական մարզի հիմնական ճանապարհին փաստացի անկոչ և անցանկալի հյուրի կարգավիճով անցնող, թշնամու պետական սիմվոլիկան և լեզուն ամեն քայլափոխի հանդիպող սյունեցի՞ն է հաղթել, թե՞ այս իշխանությունը՝ ձեռք ձեռքի տված Ալիևի հետ, հայկական բնակավայրերի տեղանունները հետևողականորեն թյուրքացնելով, հաղթել է սյունեցուն։ Սյունիքի համայնքապետերին կալանավորելով, նրանց փոխարեն խամաճիկային պաշտոնակատարներ նշանակելով՝ իշխանությունը հաղթե՞լ է սյունեցուն։

«Սյունյաց ողջույնի» պատմական խարանին արժանանալուց ամիսներ անց անգամ Նիկոլ Փաշինյանը կարծես չի ներել ըմբոստ լեռնեցիներին և շարունակում է հնարավոր ամեն կերպ պատժել նրանց։ Նախընտրական շրջանում Երևանից Գորիս, Կապան, Մեղրի և Քաջարան տարված մեծաթիվ ոստիկանական ուժերի գործողությունները, սյունեցիներին նվաստացնելով բերման ենթարկելը, վարչապետի հրապարակային ապօրինի հրահանգները ուժայիններին, քաղաքական դրդապատճառներով համայնքապետերի կալանավորումներն այդպես էլ պատշաճ իրավական գնահատականի և միջազգային արձագանքի չարժանացան։

Մինչդեռ միայն մեկ հրապարակված դրվագ՝ Շուռնուխի գյուղապետի հիվանդ եղբորը ստորացնելով, ծնկաչոք վիճակում Քննչական կոմիտե քարշ տալը, նախկինում կարժանանար մոլեգին և զայրալից հանրային արձագանքի, միգուցե նաև որոշ արևմտյան դեսպանների թթու խոսքերին։

Սա մի ձեռագիր է, որը բնորոշ է ոչ ավելի, ոչ պակաս՝ օկուպացիոն ռեժիմներին։ Նմանատիպ արհեստածին կազմավորումների առաջնորդներն էին դիմում պատժիչ միջոցների, երբ այցելում էին իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքի որևէ բնակավայր, և երբ չէին արժանանում այդ բնակավայրի բնակիչների բարեհաճ ընդունելությանը, հակառակը՝ սուլոցների ու հայհոյանքների բաժին էին դառնում, անմիջապես այդտեղ էին ուղարկում պատժիչ ջոկատների՝ լուծելու այդ բնակիչների հարցերը։

Օսմանյան կայսրությունում համիդիե քրդական հեծելազոր կար, որը պայքարում էր ազգային-ազատագրական շարժմանը ներգրավված հայերի դեմ։ Գերմանական գաղտնի ոստիկանությունն էլ՝ Գեստապոն, պատժում էր նացիզմի քաղաքական հակառակորդներին։ Ո՞վ է Հայաստանում ստանձնել նման պատժիչ ջոկատների առաքելությունը՝ խորհրդարանում տեղաբաշխված «խաղաղապահ զորակա՞զմը», թե՞ «Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկող երիտասարդին ձեռքերը ոլորելով բերման ենթարկող կարմիրբերետավորները։