Հայաստանի պահանջով Սերբիայում մակեդոնացի դիվանագետ է ձերբակալվել

Սերբիայում ձերբակալել են Հայաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարված մակեդոնացի դիվանագետի։ Տեղեկությունը հայտնում է տեղական Аlsat կայքը։

Ձերբակալության փաստը հաստատել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ ձերբակալվածը Միլե Միլենկոսկին է` Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը Սերբիայում։ Նա ձերբակալվել է Սերբիայից դեպի Հյուսիսային Մակեդոնիա սահմանային անցակետը հատելու պահին։

Ըստ սերբիական աղբյուրի` Միլենկոսկին ձերբակալվել է այն բանի համար, որ կասկածվում է 2018թ–ին հայաստանցի նախկին պաշտոնյայի Հայաստանից փախուստը կազմակերպելու մեջ։ Միլենկոսկիու և մակեդոնացի երկու այլ դիվանագետների օգնությամբ պաշտոնյան, որի անունը չի բացահայտվում, մասնավոր ինքնաթիռով ու դիվանագիտական ուղիներով կարողացել է լքել Հայաստանը:

Սերբիայի ԱԳՆ -ն դիվանագետի ձերբակալության մասին պաշտոնապես տեղեկացրել է Բելգրադում Մակեդոնիայի դեսպանատանը:

«Սերբիայի իրավասու դատարանն արտահանձնման նպատակով ձերբակալման որոշում է կայացրել` միջազգային ձերբակալության օրդերի հիման վրա և արտասահմանյան մասնավոր ուղևորության ընթացքում կատարած հանցագործության մեղադրանքի հիմքով», - հայտարարել է Սերբիայի ԱԳՆ -ն:

Նույն աղբյուրի հավաստմամբ` հայ պաշտոնյան իր հայրենիքում մեղադրվում է խոշոր չափերի հափշտակության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի` ձերբակալված դիվանագետի հետ աշխատանքային հարաբերությունները սառեցվել են, մինչև գործի պարզաբանումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: