Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ՝ ԱՅԼ ԲՌՆԱՏԻՐԱԿԱՆ ՌԵԺԻՄ
Պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը անմարդկային, բարբարոսական, անբարոյական, հակահումանիստական հետապնդում է։ Չարչյանը մարդ է, ով արցախյան առաջին պատերազմից սկսած, մինչև վերջին պատերազմը, զինվորների, սպաների, քաղաքացիների կյանքեր է փրկել։ Նրան հետապնդում են միայն այն բանի համար, որ ազգային ու քաղաքացիական ճիշտ դիրքորոշում է դրսևորել, Հ2 հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Շարմազանովի, հետապնդելով Արմեն Չարչյանին՝ իշխանությունը ազդակ է ուղարկում ընդդիմադիր հայացքներ ունեցող մյուս բոլոր մտավորականներին։
«Հետապնդելով, բանտարկելով մտավորական, բժիշկ Արմեն Չարչյանին՝ այս իշխանությունը փորձում է վատ ազդակ ուղարկել բոլոր այն մտավորականներին, ովքեր կփորձեն ընդդիմանալ իրեն», - ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում ոչ թե իշխանություն է ձևավորվել՝ իր դասական իմաստով, այլ հաստատվել է բռնատիրական ռեժիմ։
«Հունիսի 20–ին Հայաստանում ամրագրվեց հակապետական, հակաազգային, կապիտուլյանտ ռեժիմի գոյությունը», - ասել է Էդուարդ Շարմազանովը։