ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ՄՇՏԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ

Խորհրդարանական ընդդիմությունը չի դադարում փորձել համոզել իշխող խմբակցությանը, որ անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն ու տեղ հատկացնել Արցախի հարցերին։ Կոնկրետ գործողություններով ցույց տալ և ուղերձ հղել Սփյուռքին ու ողջ աշխարհին այս հարցի նկատմամբ ՀՀ ԱԺ-ի սկզբունքային վերաբերմունքի մասին։

Հենց դրան է ուղղված ընդդիմության հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում է խորհրդարանական մշտական հանձնաժողովներին: «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է վերանվանել արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողովի»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, հիշեցնենք, օգոստոսի 6-ին ԱԺ-ում հանձնաժողովների հարցի քննարկման ժամանակ դեմ արտահայտվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թվում ստեղծելու Արցախի հարցերով հանձնաժողով: ՔՊ-ականների բերած փաստարկը զուտ դեմագոգիական էր, թե իբր՝ Արցախի հարցերով պետք է զբաղվեն բոլոր հանձնաժողովներն անխտիր։ Ի դեպ, եղան նաև այլ անհամոզիչ փաստարկներ, թե Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելուց առաջ պետք է հարցնել Արցախի ԱԺ-ի կարծիքը։ Իսկ բացի այդ, իշխանական խմբակցությունն, իբր, չի ցանկանում Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական համագործակցությունն իջեցնել 8-րդ գումարման ԱԺ-ում գործող հանձնաժողովի մակարդակի։ Ի պատասխան՝ ընդդիմությունը նրանց հիշեցրեց, որ վերջին անգամ, ըստ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի, խորհրդարանների մակարդակով համագործակցություն արձանագրվել է ամբողջ երեք տարի առաջ՝ 2018-ին։ Եվ վե՛րջ։ Իսկ երկու օր անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ՝ հույս հայտնելով, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կվերանայեն նախկին պայմանավորվածությունները համագործակցության վերաբերյալ

Արցախի Անկախության հռչակման օրվա միջոցառումներին ԱԺ նախագահի չմասնակցելը պետք է դիտարկել որպես համագործակցության մասին նախկին պայմանավորվածությունների վերանայո՞ւմ: Մանավանդ Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծելուց իշխող խմբակցության հրաժարման խորապատկերին, որը պետք է զբաղվեր օգնության խնդիրներով (ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական), Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապերով։ Եվ որի գործառույթների մեջ պետք է մտնեին տարածաշրջանային անվտանգության, Արցախի խորհրդարանի հետ համագործակցության հարցերը և վերոնշյալ բոլոր ոլորտները կարգավորող օրենքները։ Չէ՞ որ լոկ բաժակաճառերի նմանվող հավաստիացումներով, թե «երկու պետությունների միասնականությունը հիմնարար արժեք է, որի շարունակական ամրապնդումը պետք է լինի պետական և հասարակական ռազմավարական ծրագրերի մաս», խնդիրները չեն լուծվի։ Խոր ճգնաժամը, որում հայտնվել են երկու հայկական պետությունները թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո, այդ կերպ չի հաղթահարվի։ Բայց իշխանությունը ոչ միայն չի ցանկանում հայտարարել աշխարհին, որ հստակ դիրքորոշում ունի Արցախի հարցում, այլև փաստացի ցույց է տալիս, որ այդ հարցում լվանում է ձեռքերը։

Նախաձեռնությունը, որով հերթական անգամ հանդես եկավ խորհրդարանական ընդդիմությունը, առաջարկելով վերանվանել արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի, նույն նպատակն է հետապնդում. ճգնաժամի հաղթահարում, ինչն ունի բացառիկ, կենսական նշանակություն և պահանջում է ազգային հնարավորությունների կենտրոնացում, Հայաստանի քաղաքական ուժերի համագործակցություն, ներքին և արտաքին բազմավեկտոր քաղաքական հարցերի արդյունավետ լուծում:

«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներում չնչին իսկ հիշատակում չկա Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման գործում ՀՀ ԱԺ-ի ունեցած դերի, Արցախի Հանրապետության հետ ՀՀ հարաբերությունների զարգացման, երկու հանրապետությունների օրենսդրության զուգակցման և այլ հարցերի մասին։ Եվ դա՝ չնայած Արցախի հարցով առանձին հանձնաժողովի ստեղծումը մերժած իշխող խմբակցության այն հավաստիացումներին, թե «Արցախի հարցերով պետք է զբաղվեն բոլոր հանձնաժողովները՝ առանց բացառության»։ Հենց դրանով են հիմնավորում հեղինակները արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերանվանելու իրենց առաջարկը։ Ինչպեսև նրանով, որ 44-օրյա պատերազմից և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծվել է նոր իրավիճակ՝ Հայաստանի և Արցախի համար նոր մարտահրավերներով։

Այս պայմաններում ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանությունը պետք է մշտապես ու հետևողականորեն աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու և այդ բանակցություններին նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։ Ինչը, ըստ էության, անհրաժեշտ է անել պարբերական և մշտական հիմունքներով, իսկ խորհրդարանական հանրապետությունում դրա համար համապատասխան կառուցողական ձևաչափ է հանդիսանում ԱԺ մշտական հանձնաժողովը։ Եվ հաշվի առնելով, որ Արցախի հարցի կարգավորումն անմիջականորեն կապված է արտաքին քաղաքականության հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, հեղինակները համարում են, որ այդ հարցերը պետք է ներառվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործառույթների շրջանակներում, այդ թվում՝ հանձնաժողովի անվանման մեջ հատուկ շեշտադրումով։

Ասենք, ընդդիմության այս նախաձեռնության նկատմամբ իշխող խմբակցության դրական վերաբերմունք ակնկալելն անիմաստ է։ Ընդ որում ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ դա բխում է ընդդիմությունից։ Կան որոշակի բացասական ազդակներ, որոնք վկայում են, որ Արցախի հարցի նկատմամբ այս իշխանությունը բացարձակ անտարբեր է։ Դա և՛ կառավարության ծրագիրն է, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը, և՛ բարձրագույն պաշտոնատար անձանց չայցելելն Արցախ, ընդ որում՝ նույնիսկ Արցախի համար խորհրդանշական օրը, և նույնիսկ տարբեր տրամաչափի պաշտոնյաների հայտարարությունները «ճանճից փիղ չսարքելու» մասին, թե իբր՝ դա քաղաքական որոշում էր, գուցե վարչապետը «ավելի կարևոր գործեր ուներ» և այլն։

Դեռ օգոստոսի 6-ին Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծելուց իր հրաժարումով իշխանությունը ցույց տվեց ոչ միայն իր իրական վերաբերմունքը հարցի նկատմամբ, այլև ԱԳ նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի շուրթերով հայտարարեց, թե «արդյոք միայն մեսիջի համար արժե՞ ստեղծել հանձնաժողով»։ Իսկ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի շուրթերով ասաց, թե ստիպված են լինելու «անիմաստ պահել ևս մեկ պրոֆիլային հանձնաժողով»։ Ի դեպ, Աղաջանյանն այսօր հենց այդ հանձնաժողովի ղեկավարն է, որի գործառույթներն ընդդիմությունն առաջարկում է ընդլայնել, իսկ բուն հանձնաժողովը՝ վերանվանել։ Դժվար չէ ենթադրել արձագանքը…

Հ.Գ.- ՊՊԾ 12 աշխատակիցների ուղեկցությամբ Արցախ մեկնած ՔՊ-ական յոթ պատգամավորները՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, ինչպես հաղորդում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի aparaj.am պաշտոնական կայքը, արժանացել են, մեղմ ասած, ոչ այնքան ջերմ ընդունելության։ Կայքի տվյալներով՝ «Արմենիա» հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել են նրանք, զոհված զինծառայողների հարազատներն ու պարզապես վրդովված արցախցիները նրանց դիմավորել են քարերով։